«Թեք startup». Armcomedy-ի Նարեկն ու Սերգեյը նոր սիթքոմ կներկայացնեն

Հայկական սիթքոմների շարքը կհամալրվի նոր և իր բովանդակությամբ տարբերվող սիթքոմով: «Թեք startup» -ը պատմելու է ժամանակակից IT ոլորտի առանձնահատկությունների և դժվարությունների մասին:

Նոր սիթքոմի հեղինակը, պրոդյուսերը և սցենարիստը Armcomedy-ի հաղորդավարներ Նարեկ Մարգարյանը և Սերգեյ Սարգսյանն են, որոնք նաև գլխավոր դերակատարներն են:

ArmLur.am-ի հետ զրույցում Նարեկ Մարգարյանը նշում է՝ շատ հետաքրքիր ուղերձ ունի սիթքոմը, փորձել են ոգեշնչել հայ ծրագրավորողներին եւ այն երիտասարդներին, որոնք ուզում են IT ոլորտում ինչ-որ բանի հասնել.

«Ցույց ենք տալու ոլորտի դժվարությունները, ծրագրավորողը հիմա ժամանակակակից մասնագիտություն է, ամեն բան հեշտ է թվում, բայց բոլորին հետաքրքիր կլինի տեսնել՝ ինչ է կատարվում ներսում:
«Թեք startup»-ի հերոսները ստեղծել են հայկական արհեստական բանականություն եւ մեծ ներդրում են ստացել Սիլիկոնյան հովտից: 3 ընկերներ, որոնթ փոքր գրասենյակում ծրագրավորում են արել, հիմա պետք է մեծ գրասենյակ ղեկավարեն: Սիթքոմը բոլոր այդ դժվարությունների մասին է»,- պատմում է Նարեկ Մարգարյանը:

Նոր սիթքոմի նկարահանումները սկսվելու են հունվարից: