Կայացավ Փարաջանովի մասին պատմող ֆիլմի երևանյան պրեմիերան. լուսանկարներ

Հունվարի 9-ին՝ Սերգեյ Փարաջանովի տարեդարձին, կայացավ նրան նվիրված Զառա Ջյանի «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով – Ս. Փարաջանով» վավերագրական ֆիլմի երևանյան պրեմիերան:

«Փարաջանովի ընտրությունը եղել է արարելն ու այդ արարչական իր աշխատանքով նա հաղթեց բոլոր ռեժիմներին, հաղթեց ինքն իրեն, իր ներսի ագրեսիան, որը կարող էր ձևավորվել, բայց չձևավորվեց: Այդ գիտակցումն ինձ շատ ոգևորեց, և ես ցանկացա նրա օրինակի մասին խոսել իմ ընկերների հետ, մարդկանց, որոնք ստեղծագործելու փոխարեն վերածվում էին քաղաքական բլոգերների»,- լրագրողների հետ զրույցում ասաց Զառա Ջյանը:

Ֆիլմի պատմությունը հիմնված է իրական դեպքերի վրա, սակայն դասական ինքնակենսագրական չէ:

«Կան շատ ֆիլմեր, որոնց միջոցով ավելի շատ կարելի է ծանոթանալ Փարաջանովի կենսագրությանը և աշխատանքներին, սակայն այս ֆիլմն անցյալը կապում է ներկայի հետ: Սերգեյ Փարաջանովի հետ ծանոթության միջոցով ֆիլմում արծարծվում են նաև ազգային խնդիրներ և, ընդհանուր առմամբ, արտացոլվում է անցյալի և իրականի զուգահեռը՝ թե արվեստի, և թե քաղաքական տեսակետից: Մենք վստահ ենք, որ երիտասարդ սերունդն իր կյանքի դժվարին պահերին կկարողանա գտնել հրատապ հարցերի պատասխանների վեկտորը Սերգեյ Փարաջանովի օգնությամբ և հատկապես՝ նրա կատարած ընտրությունների օրինակով»,- նշում է ռեժիսոր Զառա Ջյանը, ով նաև ֆիլմի սցենարիստն ու համապրոդյուսերն է:

Ֆիլմը թե իր հերոսներով, թե նկարահանումներով միջազգային է ստացվել: Այն հայ-ֆրանսիական արտադրության է: Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում, Լատվիայում, Գերմանիայում և Սերբիայում: Ֆիլմի հերոսների ցանկն էլ բաղկացած է միջազգային ճանաչում ունեցող հեղինակավոր դեմքերից՝ Ատոմ Էգոյան, Թարսեմ Սինգխ, Էմիր Կուստուրիցա, Չուլպան Խամատովա, Ջոել Կապրոն, Ալի Խամրաեւ, Լորա Գուերրա, Լևոն Աբրահամյան, Արտավազդ Փելեշյան: Ֆիլմի հեղինակների խոսքով՝ ֆիլմի 10-րդ հերոսը հենց Սերգեյ Փարաջանովն է:

Ֆիլմի հերոսները պատմում են Փարաջանովի հետ առաջին հանդիպման, նրանից ստացած տպավորությունների, նրա բացառիկ, յուրահատուկ լինելու, հանճարեղության մասին: Հերոսները բաժանված են 3 խմբի. հետխորհրդային ժամանակի մշակութային գործիչներ, Ս․ Փարաջանովի գործընկերներ և ընկերներ, միջազգային մշակութային գործիչներ: Բոլոր հերոսներին միավորում է Փարաջանովի նկատմամբ ունեցած սերը:

Ռեժիսորի խոսքով՝ Փարաջանովի 100-ամյակին նվիրված ֆիլմն օրհնված է հենց Փարաջանովի կողմից: «Բոլոր հերոսները մեր կյանք եկան շատ սահուն։ Ատոմ Էգոյանին, Տարսեմ Սինգհին, Չուլպան Խամատովային, Լորա Գուերային, Էմիր Կուստուրիցային, Ժուել Շապրոնին, Ալի Խամրաևին, Լեւոն Աբրահամյանին եւ մեր մեծագույն ռեժիսոր Արտավազդ Փելեշյանին նկարահանելը հեշտ չէր»,-նշում ռեժիսորը:

Հիշեցնենք, որ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով – Ս. Փարաջանով» Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում, ինչի շնորհիվ հայկական կինոն ավելի քան քսան տարվա ընդմիջումից հետո վերադարձել էր Վենետիկ:

Հեղինակ՝ Լուս Ավագյան