Քրիստինե Հարությունյանի «After Dreaming» ֆիլմն ընդգրկվել է Բեռլինի 75-րդ կինոփառատոնում

Բեռլինի 75-րդ միջազգային կինոփառատոնի ծրագրում երկրորդ հայկական ֆիլմն է ընդգրկվել։ Այս մասին հայտնում է Բեռլինալե կայքը:

Այս անգամ ծրագրում ընդգրկվել է ռեժիսոր Քրիստինե Հարությունյանի «After Dreaming» (Երազանքից հետո) լիամետրաժ խաղարկային ֆիլմը։

Իր հարցազրույցներից մեկում ռեժսորը պատմել է, որ ֆիլմը երիտասարդ աղջկա կյանքի պատմությունն է. նա փնտրում է հորը, որը մահացել է։ Երիտասարդ զինվոր Ատոմին հանձնարարված է պաշտպանել աղջկան այդ լուրից։ Իրադարձությունները զարգանում են հակամարտության մեջ հայտնված Հայաստանի գյուղական բնակավայրերից մեկում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Բեռլինի 75-րդ միջազգային կինոփառատոնի ծրագրում ընդգրկվել է ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Իմ հայ ուրվականները» ֆիլմը։

Փառատոնի կայքում ֆիլմի նկարագրության մեջ այն անվանում են «Հետմահու քնքուշ նամակ Թամարայի հորը, որը կինոդերասան է եղել Խորհրդային Հայաստանում»:

Նշենք, որ տարիներ առաջ Բեռլինի կինոփառատոնի «Համայնապատկեր» ծրագրում ընդգրկվել էր Միքայել Դովլաթյանի «Լաբիրինթոս» (1996թ․) ֆիլմը:

Բեռլինի 75-րդ կինոփառատոնը կանցկացվի փետրվարին: