«Կարծում եմ 22 տարին բավականին մեծ ժամանակ էր: Զգացի, որ սպառվում եմ և՛ ես, և՛ այն հյուրերն, ում նկարում էինք: Հաղորդումը դարձել էր ինձ համար անհետաքրքիր: Մեծամասամբ բլոգերներ էին նկարահանվում:
Կարծում եմ, որ նրանց, ում տներն ինձ համար հետաքրքիր էր, ես բացահայտեցի»,- Tert.am Life-ի հետ զրույցում՝ խոսելով «Չէին սպասում» հաղորդաշարից հեռանալու պատճառների մասին, ասաց ռեժիսոր, հաղորդավար Սուրեն Շահվերդյանը:
Նա նշեց, որ հիմա նոր հաղորդավարն ուրիշ կերպ է այն վարում:
«Վստահ եմ, որ իր համար շատ դժվար է, որովհետև, եթե ես շարունակեի ինչ-որ մեկի կառուցած, քիչ թե շատ համբավ ունեցող հաղորդումը վարել, ինձ համար նույնպես շատ բարդ կլիներ:
Մաղթում եմ, որ այդ տղան, ով իմ փոխարեն հիմա վարում է «Չէին սպասում» հաղորդումը, հաջողի:
Կարծում եմ, որ իմ պիտակումով պետք է մի քիչ ուղղությունը փոխի, որովհետև ես այլ կերպ էի վարում, և հիմա իմ դերում գտնվելը երևի շատ բարդ է»,- նշեց Սուրեն Շահվերդյանն ու անկեղծացավ, որ որոշակի կոնֆլիկտ է ունեցել Դավիթի հետ:
«Չակերտները չեմ ցանկանում բացել, բայց երկար տարիներ իրար հետ համագործակցելուց հետո, որոշակի անհամաձայնություն առաջացավ, և հասկացա, որ միասին համագործակցելն այլևս հնարավոր չէ:
Ես հիմա նոր հեռուստատեսային նախագծի վրա եմ աշխատում, որի մասին շուտով բոլորը կիմանան»,- ամփոփեց Սուրեն Շահվերդյանը: