«Բոլորը հավաքվում էին հարևանի տանը «Սանտա Բարբարա» նայելու, որովհետև մենակ նա էր տրոլեյբուսի գծից լույս քաշել». Նարեկ Մարգարյան

«Բոլորը մտածում են, որ իրենց մանկությունն ավելի լավն էր, բայց մի բան անհերքելի է, որ հեռախոսի ու ինտերնետի աշխարհը շատ հետաքրքիր է, կլանում ու տանում է: Դրա դեմ երեխայի հայրը և առհասարակ բոլորն անզոր են: Մեր ժամանակ գիրք էր»,- «3-րդ մուտք» նախագծի շրջանակներում ասել է Արմքոմեդիի համահեղինակ Նարեկ Մարգարյանը: Գրում է Tert.am-ը:

Խոսելով 90-ականների առանձնահատկությունների մասին՝ նա նշել է, որ 90-ականներին մի յուրահատուկ պահ կար, որ թեև բոլորը շատ վատ էին ապրում, բայց իրար հետ ավելի լավ էին:

«Ես շատ լավ հիշում եմ հարևանի տանը «Սանտա Բարբարա» նայելը, որովհետև մենակ այդ հարևանն էր, որ տրոլեյբուսի գծից «լևի» լույս էր քաշել և բոլորը դրա մասին գիտեին ու գնում, նայում էին:

Հետո, երբ տեսուչը գալիս, ասում էր՝ ձեր շենքում ո՞վ է նման բան արել, բոլորը «պահում» էին:

Փոքր բաների վրա ուրախանալը, իրար ավելի լավ ճանաչելը շատ հաճելի էր: Հիմա, եկեք անկեղծ լինենք, այդ թվում և ես, մեր մուտքի մեծ մասին չեմ ճանաչում, կամ դեմքով տեսել եմ, բայց չգիտեմ:

Չգիտեմ, լավ է, թե վատ, երևի վատ է»,- ասել է Նարեկ Մարգարյանը: