Դերասան Թահար Ռահիմը «Լավագույն դերասան» անվանակարգում առաջադրվել է «Սեզար» մրցանակի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված ռեժիսորներ Մեհդի Իդիրի և Գրան Կոր Մալյարդի «Մսյո Ազնավուր» ֆիլմում Ազնավուրի դերի համար:
«Մսյո Ազնավուր» ֆիլմն առաջադրված է նաև «Լավագույն զգեստներ», «Լավագույն վիզուալ էֆեկտներ», «Լավագույն արտադրության ձևավորում» անվանակարգերում:
Ազնավուրի մոր՝ Քնարի դերում ֆիլմում նկարահանվել է Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար, դերասանուհի Նարինե Գրիգորյանը։
Այս տարի մրցանակի համար պայքարում էին 626 ֆիլմեր։ Հունվարի 2-28-ը տեղի ունեցած դափնեկիրների քվեարկության առաջին փուլին ընդհանուր առմամբ մասնակցել է 4951 մարդ։ Քվեարկության երկրորդ փուլը տեղի կունենա փետրվարի 5-28-ը։ «Սեզար» 50-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում 2025 թվականի փետրվարի 28-ին։
Ազնավուրին մարմնավորած «Սեզար» մրցանակի դափնեկիր և «Ոսկե գլոբուս», «BAFTA» մրցանակների կրկնակի հավակնորդ Թահար Ռահիմը հայտնի է դարձել «Մարգարեն», «Նապոլեոն» և «Մավրիտանացին» ֆիլմերում իր ակնառու դերերով։
«Ես մի անգամ եղել եմ նրա համերգներից մեկին։ Նա բառացիորեն ապշեցրեց ինձ բեմում։ Չնայած իր տարիքին (ավելի քան իննսուն տարեկան էր), նրա էներգիան պարզապես ավելանում էր ամբողջ համերգի ժամանակ. դա անհավանական էր: Նա իր անկեղծությամբ զարմացնում էր հանդիսատեսին, և իրենց հետ բարեկամական հարաբերություններ էր հաստատում։
Շառլն ինքնուրույն է կերտել իր ուղին, հաճախ ստիպված լինելով գնալ զոհաբերությունների: Բոլոր բարդությունները նրան դարձրեցին համառ և ստիպեցին ձգտել հաջողությունների»,-ասել է դերասան Թահար Ռահիմը։
Ֆրանսահայ նշանավոր երգիչ, շանսոնիե, երգահան, բանաստեղծ, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի կյանքի ու գործունեության մասին պատմող «Մսյո Ազնավուր» ֆիլմը նաև հայաստանյան կինովարձույթում է։
Աղբյուր` Panorama.am