«Բարի օր 2» ֆիլմի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գրանցած հաջողությունը (լուսանկարներ)

Մեկ տարի չանցած մեծ էկրաններ բարձրացավ տաքսիստ Հենդոյի մասին պատմող «Բարի օր» ֆիլմի երկրորդ մասը: Երեկ՝ փետրվարի 6-ին, «Կինոմոսկվայում» կայացավ ֆիլմի պրեմիերան, որին ներկա էին ֆիլմի հերոսները և հայտնի հյուրերը:

ShowBiz.am-ը ներկա է եղել միջոցառմանը և ներկայացնում է երեկոյի կարևոր մանրամասները:

Նախագծի ռեժիսորը Գրիգոր Գասպարյանն է, գլխավոր հերոսին մարմնավորում է Մհեր Մխիթարյանը՝ տաքսիստ Հենդոն, դերասանական կազմում ընդգրկված են Մկրտիչ Արզումանյանը, Արև Սանթրոսյանը, Ռոզի Ավետիսովան, Նանուլը, Արմքոմեդիի հաղորդավարներ Նարեկ Մարգարյանն ու Սերգեյ Սարգսյանը, Սաթենիկ Հազարյանը, Էվա Խաչատրյանը, Իվետա Մուկուչյանը և այլք:

«Դեռ մեկ տարի չանցած ներկայացնում ենք մեր նոր ֆիլմը: Շատ տարբեր մտքեր կային՝ սկսենք երկրորդն անել, թե չէ, որովհետև շարունակաություն նկարելը միշտ չէ, որ լավ է ստացվում, շատ ռիսկային է: Երկար ժամանակ ծախսեցինք գաղափարի վրա, թե ինչի մասին է լինելու այս ֆիլմը: Միանշանակ եկանք այն մտքին, որ պետք է էլի հրաշք լինի, բայց այս անգամ մի ուրիշ բան: Եթե անցած ֆիլմի միտքը վերցված է ամերիկյան հայտնի ֆիլմից, այս անգամ փորձեցինք ինքներս գտնել հրաշքը: Քանի որ անցած տարի ֆիլմը սիրվել էր ոչ միայն նրա համար, որ կատակերգություն է, այլ նաև սոցիալական թեմաներ են բարձրացնում, այս տարի ևս մենք նկարեցինք ֆիլմ, որը կլինի հանրության հայելին, որտեղ կանք մենք, տեսնում ենք ինքներս մեզ»,- լրագրողների հետ զրույցում նշեց ֆիլմի ռեժիսորը:

Ֆիլմի ռեժիսոր Արման Սարգսյանն էլ անդրադարձավ առաջին մասի հաջողությանը՝ փաստելով, որ նախագիծը լավագույնների թվում է եղել նախորդ տարում. «Ճշտն ասած, ի սկզբանե պլանավորված չէր նկարահանել երկրորդ մասը, բայց հաջողությունը ցույց տվեց, որ պետք էր անել շարունակություն: Այնպես որ կախված այս մասի արդյունքներից, շատ հնարավոր է, որ լինի նաև երրորդը»:

Դերասան և հումորիստ Մհեր Մխիթարյանը, խոսելով այս ֆիլմում իր կերպարի առանձնահատությունից, այն է, որ ոչ ոք չկարողանա նրան խաբել, կատակեց. «Լինեմ անկեղծ և ասեմ՝ ոչ, չեմ ուզի իրականում էլ այդպես լինի: Ճիշտ պատասխանը ոչ միշտ է հաճելի, իմ դեպքում ես մեծ բավականություն եմ ստանում, երբ իմ հասցեին լսում եմ սուտը»:

Դերասանուհի Էվա Խաչատրյանն, ով այս անգամ ներկայանում էր էպիզոդիկ կադրերով, կարծիք հայտնեց, որ ֆիլմն այս անգամ ևս մեծ հաջողություններ կունենա. «Նախնական սցենարում, ինչքանով տեղեկացված եմ, չպետք է լիներ Սուսոն, հետո ռեժիսորները մտափոխվել են և որոշվել է, որ ինչ որ չափով հարկավոր է կերպարիս ներկայությունը ֆիլմում: Շատ երջանիկ եմ, որ այս թիմի մասն եմ, հաջողությունը բնականաբար բոլորինս է: Ինչպես նախորդ ֆիլմում, հիմա ևս վստահ եմ, որ հաջողված նախագիծ ենք արել, չնայած որ այս անգամ իմ ներկայությունը քիչ էր»:

Երգչուհի, պարուհի Նանուլը, ով խաղում էր տաքսիստ Հենդոյի դստեր դերը, նշեց. «Իմ կերպարը շատ եմ սիրում, բայց պետք է նշեմ, որ այն իմ իրական եսի հետ ընդհանրապես կապ չունի: Ու ինձ հենց դա է դուր գալիս, որ մի ուրիշ ստեղծված կերպար եմ խաղում: Այստեղ տարիքով ավելի մեծ աղջկա դեր եմ մարմնավորում, որն ինչ որ չափով դժվարություններ է ստեղծում, բայց ուրախ եմ, որ Մերիկոյի դերն ինձ է բաժին հասել»:

«Բարի օր 2» ֆիլմն արդեն հասանելի է երևանյան բոլոր կինոթատրոններում:

Նյութը՝ Լուս Ավագյանի
Լուսանկարները՝ Armenpress-ի