«Ձայնս բարակ է և նուրբ, պահի տակ թվում է՝ երեխա է երգում, սպասում էի նման մեկնաբանությունների». Անահիտ Ադամյան

Երգչուհի Անահիտ Ադամյանն ամենավերջում է իմացել «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին իր մասնակցության մասին: Այս մասին երգչուհին պատմեց Tert.am Life-ի հետ զրույցում:

«Իրականում ես շատ ուշ եմ իմացել այս ամենի մասին: Ընտանքիս անդամները տարբեր նամակներ էին ստանում, զանգահարում, հարցնում էին՝ Անահիտը մասնակցու՞մ է «Եվրատեսիլ»-ին: Չգիտեմ որտեղից էին եզրակացրել, բայց այդ խոսակցությունները մոտիվացրեցին ու որոշեցի մասնակցել»,- պատմեց Անահիտն ու խոստովանեց, որ իր ամենամեծ  երազանքն է եղել «Եվրատեսիլ»-ին մասնակցելը:

«Երգը գրել է Նիկ Եգիբյանը, իսկ խոսքերի հեղիակը եղբայրս է: Ես վայելել եմ երգ գրելու ողջ գործընթացը: Շատ հետաքրքիր համագործակցություն էր Նիկի հետ, միայն հաճույք եմ ստացել»,- անկեղծացավ երգչուհին:

«Tiny Little Boo» երգի մասին կարծիքները հակասական են: Անահիտի խոսքով՝ յուրաքանչյուրն իրավունք ունի իր կարծիքը հայտնելու, իսկ ինքը վատ մեկնաբանություններից չի հուսահատվում:

«Ձայնս բավականին բարակ ու նուրբ է, ու պահի տակ թվում է, թե երեխա է երգում: Նորմալ է, սպասելի էր, որ նման մեկնաբանություններ են լինելու: Նաև կան մարդիկ, ովքեր երգը շատ են հավանել»,- նշեց Անահիտ Ադամյանն, ու անկեղծացավ, որ մրցույթից միակ սպասելիքը հաճույք ստանալն է: