Մարտի 5-ին մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմը, որը պատմում է Ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի կյանքի մասին՝ հիմնված իրական փաստերի վրա։
Ֆիլմում ներկայացվում են նրա կյանքի գրեթե բոլոր փուլերը, այդ թվում` Հոկտեմբերի 27-ի դեպքերը։ Սյուժեի առանցքում Վազգեն մարդն է, որդին, զգայուն հորեղբայրը, տաղանդավոր գրողը, սիրող տղամարդը, ռազմական և պետական գործիչը։ Ներկայացվում են նրա կյանքի գրեթե բոլոր փուլերը, որոնք միահյուսված են մեր երկրի նորագույն պատմության նշանակալի իրադարձություններին։

Ֆիլմի գլխավոր պրոդյուսերը Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրն է` Նոնո Սարգսյանը։ Սպարապետի դերում ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Խորեն Լևոնյանն է: Վազգեն Սարգսյանի մոր կերպարը կերտել է դերասանուհի Մարջան Ավետիսյանը, իսկ հոր կերպարը` ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը։ Պատանի Վազգենի դերում Արտուշ Բաղդասարյանն է։ Ֆիլմում հանդես են եկել ՀՀ վաստակավոր արտիստ Լուիզա Ղամբարյանը, Մխիթար Ավետիսյանը և այլ սիրված դերասաններ։
Ստեղծագործական խմբի համոզմամբ՝ Վազգեն Սարգսյանը կարողացավ մարդկանց պարգևել հաղթանակի բերկրանքը, բայց ժամանակ չգտավ անձնական երջանկության համար՝ մենակ մնալով իր երազանքների ու ճակատագրի առջև։ Ֆիլմը հասցեագրված է և՛ փոքրին, և՛ մեծին, բոլոր նրանց, ում համար թանկ է հայրենիքն ու նրա հաղթական էջերի մասին նվիրական հիշողությունն ու արժևորումը։
Հարցին, թե ինչու է ֆիլմը կոչվում «Վազգեն. վերջին սպարապետ», Նոնոն շեշտեց` քանի որ իր հորեղբայրը 20-րդ դարի վերջին սպարապետն է եղել. «Վազգեն Սարգսյանը մահացավ 20-րդ դարի վերջին՝ 21-րդ դար մուտք գործելուց երկու ամիս առաջ, և չտեսավ 21-րդ դարը, որի մասին երազում էր։ Որևէ ենթատեքստ չէր կարող լինել` հատկապես հաշվի առնելով այն, թե ինչքան շատ հույս ու լույս կար նրա մեջ»։

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե ինչու են շրջանցել քաղաքական գործունեությունը, ֆիլմի պրոդյուսերը կարծում է, որ քաղաքական հարցերն իր հայացքով ներկայացնելու իրավունք չունի. ամեն բան սուբյեկտիվ կլիներ։
«Քաղաքական կերպարը ֆիլմում կա, բայց ոչ շատ։ Ես այդ իրավունքը չունեի, այդ պատճառով թեման նուրբ անցել ենք։ Օրինակ, ռազմական կյանքը բոլորն էլ գիտեն, իսկ անձնականը հայտնի էր մեր ընտանիքին, իր մտերիմ ընկերներին, այդ թեմաները սուբյեկտիվ չէին լինի»,- ասաց Նոնո Սարգսյանը։
Ֆիլմում գլխավոր դերակատարը՝ Խորեն Լևոնյանը, ընդգծեց, որ ֆիլմում երևում է, թե ինչպիսի մտքեր է ունեցել, ինչպիսի զավակ, հորեղբայր, զինվոր ու նախարար է եղել Վազգեն Սարգսյանը։ Լևոնյանը շեշտեց, որ իր, ինչպես և ցանկացած դերասանի համար պատմական կերպար կերտելը դժվար է` լինի դրական, թե բացասական։ Խորենի խոսքով՝ նա սպարապետի դերի շուրջ շատ երկար է աշխատել, սակայն միևնույն ժամանակ կարծում է, որ իր ու Վազգեն Սարգսյանի միջև ընդհանրություններ կան։
«Արել եմ այն, ինչ կարող էի, գուցե մի բան էլ ավելին։ Սարգսյանի մասին նյութեր դիտելիս, նրան ուսումնասիրելիս անընդհատ խնդիրներ էի տեսնում, միշտ եմ կոնֆլիկտների մեջ եղել, սակայն այդ ընթացքում ամեն բան ավելի սրվեց մարդկանց, դեպքերի հանդեպ, սկսեցի մարդկանց այլ տեսանկյունից նայել, մտածել՝ ինչպե՞ս կարող են, ինչպե՞ս կարողացան, ինչո՞ւ դա տեղի ունեցավ։ Ես մեծ հոգեկան ցավեր եմ ապրել և մեծ դժվարությամբ փորձել եմ հաղթահարել այդ ամենը։ Մենք կարծես առաջնորդ չենք սիրում, փորձում ենք ապացուցել, որ նրանից ավելի շատ ենք հասկանում, կարող ենք նրա փոխարեն լինել»,- ասաց Խորեն Լևոնյանը։

Genetic Production-ի գործունեության գլխավոր նպատակն է արվեստի լեզվով ցույց տալ հայի ինքնությունը, ստեղծարար էությունը, նրա պայքարող և հաղթող ոգին՝ մեր պատմության ականավոր գործիչների, հեղինակավոր մարդկանց օրինակով։ Genetic Production-ը հիմնադրվել է 2024 թվականին։
Ֆիլմում անդրադարձ կա նաև Սպարապետի սիրային կյանքին: «Վազգեն Սարգսյանն իր բոլոր դրսևորումներում բուռն էր՝ և զգացմունքների, և ռազմական գործունեության մեջ։ Բուռն էր նաև սիրային թեմաներում։ Իհարկե, ականատեսը չեմ եղել, բայց ինձ շատ են օգնել հարազատներն իրենց հետաքրքիր պատմություններով։ Մենք, համենայնդեպս, փորձել ենք հյուսել արժանահավատ պատմություններ, որտեղ գեղարվեստական հորիվածքի հատվածները ոչ թե շեղում են իրականությունից, այլ լրացնում են այն օղաները, որոնք, բնականաբար, բացակա են որևէ գրավոր աղբյուրում»,- ասաց ֆիլմի սցենարի հեղինակ Լևոն Գալստյանը:
Գրետա մայրիկի դերակատար Մարջան Ավետիսյանը լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, որ կարողացել է փոխանցել այն հոգեկան ապրումները, որ ունեցել է կերպարը կերտելիս, ինչպես նաև Վազգեն Սարգսյանի մոր մեծ սերն իր ընտանիքի, որդու և հայրենիքի հանդեպ. «Երբ դու ապրում ես նույն ժամանակահատվածում քո կերտած կերպարի հետ, չափազանց դժվար է ճիշտ փոխանցել այդ շունչը։ Սա էքսպերեմենտալ դեր չի, շատ բարդ էր ինձ համար ու ես վախենալով եմ գնալու ֆիլմի պրեմիերային։ Դերից «անջատումն էլ» ինձ բարդ է տրվել, ավելի ուշ «անջատվեցի», քան սպասում էի»։
Ֆիլմը հովանավորներ չի ունեցել, քանի որ դրա կարիքը չի եղել, ամեն ինչ արվել է «Genetic production»-ի կողմից, նշեց Նոնո Սարգսյանը. «Ինչպես հորեղբայրս էր ասում, բողոքելու փոխարեն ամեն մարդ իր մեկ հատիկ մոմը պետք է վառի ու Հայաստանը կհայտնվի լույսերի մեջ։ Ինձ համար այս ֆիլմն իմ առաջին մոմն էր և հույս ունեմ, որ շարունակական կլինի։ Փորձել եմ Սպարապետին ներկայացնել իմ աչքերով, իմ ընտանիքի աչքերով, այն մարդուն, որին շատերն այդպիսին չեն ճանաչել։ Շատերի համար բացահայտում կլինի»։
Թե ինչքան գումար է ծախսվել ֆիլմի վրա՝ ֆիլմի պրոդյուսերը չբացահայտեց։
Նենք, որ «Վազգեն. վերջին սպարապետ» ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա մարտի 5-ին` Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը։






