«Վազգեն․ վերջին Սպարապետը» ֆիլմի պրեմիերան և հայտնի հյուրերը (լուսանկարներ)

Մարտի 5-ին՝ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը, Կինոմոսկվայում մեծ էկրան բարձրացավ «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմը, որը պատմում է Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի կյանքի մասին՝ հիմնված իրական փաստերի վրա։

Ֆիլմում ներկայացվում են նրա կյանքի գրեթե բոլոր փուլերը, այդ թվում` Հոկտեմբերի 27-ի դեպքերը։ Սյուժեի առանցքում Վազգեն մարդն է, որդին, զգայուն հորեղբայրը, տաղանդավոր գրողը, սիրող տղամարդը, ռազմական և պետական գործիչը։ Ֆիլմում տեսնում ենք նրա կյանքի գրեթե բոլոր փուլերը՝ միահյուսված մեր երկրի նորագույն պատմության նշանակալի իրադարձություններին։

Ֆիլմի գլխավոր պրոդյուսերը Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրն է` Նոնո Սարգսյանը։ Սպարապետի դերում ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան Խորեն Լևոնյանն է: Վազգեն Սարգսյանի մոր կերպարը կերտել է դերասանուհի Մարջան Ավետիսյանը, իսկ հոր կերպարը` ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը։ Պատանի Վազգենի դերում Արտուշ Բաղդասարյանն է։ Ֆիլմում հանդես են եկել ՀՀ վաստակավոր արտիստ Լուիզա Ղամբարյանը, Մխիթար Ավետիսյանը և այլ սիրված դերասաններ։

Ֆիլմը սկսվում սպարապետի մանկության տարիներից պատմությամբ, թե ինչպես է նա 1 տարեկանում խեղդվելուց փրկվել, ինչին անդրադառնալով՝ ֆիլմի գլխավոր պրոդյուսեր և մտահղացման հեղինակ Նոնո Սարգսյանը նկատեց՝ ֆիլմում որևէ դրվագ հորինված չէ։ «Հորեղբայրս կոկորդին փոքրիկ նշան ուներ։ 1 տարեկանում եգիպտացորենի հատիկը կանգնել է կոկորդին, կտրվածք են արել և ասել, որ երեխան մահացած է։ Բայց, ըստ երևույթին, շատ քիչ անցք է մնացել, և նա կարողացել է շնչել մինչև ծնողները տեղափոխել են Երևան»,- պատմեց Նոնոն՝ հավելելով, որ հորեղբայրը կբարկանար, եթե իմանար, որ իր մասին ֆիլմ է նկարահանվել։

Վազգեն Սարգսյանին մարմնավորած Խորեն Լևոնյանի խոսքով ֆիլմում ասելիքը պարզ է՝ Հայաստան, հայ, հայրենիք և սեր։ «Ես յուրաքանչյուր գործից հետո միշտ ասում եմ, որ պետք է սովորեմ, էլի տեղ ունեմ ամեն բան ավելի լավ անելու: Հուսով եմ՝ հաջորդն ավելի լավ կանեմ: Ֆիլմում բոլոր տեսարաններն էլ շատ սիրում եմ, նույնիսկ նրանք, որտեղ ես չեմ երևում և փառք ու պատիվ այն թիմին, ովքեր իրոք աշխատել են և որոնց շնորհիվ ֆիլմն իրոք դարձել է ֆիլմ: Ֆիլմում ինձ շատ դուր է գալիս այն արտահայտությունը, որ ասում է՝ սա իմ տունն է, արի մեզ սպանի, կեր մեր բարիքը ու եթե ինչ որ մի խելառ էլ որոշել է դիմադրել ու փորձել ինչ որ բան անել, մեր ձեռքով հերն անիծել ենք: Երևի դա միակ բանն է, որ կուզեի չլիներ, կուզեի մենք մի քիչ ուրիշ ձևով մտածեինք, որովհետև մենք մեզ շատ ենք թերագնահատում: Կա՛մ մենք մեզ շատ թերագնահատում ենք, կա՛մ գերագնահատում, ես կողմակից եմ, որ մենք մեր հնարավորությունները ճիշտ գնահատենք՝ մենք ով ենք, ինչ տեսակ մարդ ենք, ինչ գենի կրող ենք և ով ենք եղել անցյալում: Եվ ես կուզեմ, որ այս հարցերը մշակույթի ոլորտում բարձրացվի»,- անկեղծացավ Խորենը։ Ըստ դերասանի՝ դժվարություններ ունեցել է նկարահանվելու առաջարկն ընդունելու առաջին իսկ օրից։ Ընդգծեց՝ չի ցանկացել «տնազ անել», այլ իր ձևով փորձել է հանդիսատեսին ներկայացնել սպարապետի տղամարդկությունն, էությունն ու մտածելակերպը։

Գրետա մայրիկին մարմնավորած Մարջան Ավետիսյանը լարված ու տագնապած է սպասել պրեմիերային։ Մտավախությունն արտաքին տեսքն է եղել։ «Խաղս մասամբ հավանեցի։ Յուրաքանչյուր կերպարումս սխալներ գտնում եմ։ Միշտ կարելի է խաղալ այլ կերպ։ Խաղիս վերաբերյալ ինչ պետք է խմբագրեի, արդեն խմբագրել եմ։ Հուսամ ֆիլմը հույզեր կառաջացնի։ Կփորձենք հասկանալ՝ ով էինք մենք, ինչի համար էինք, ինչի համար պետք է լինենք վաղը»,- նշեց դերասանուհին։

Ֆիլմի պրեմիերային ներկա էին նաև Վազգեն Սարգսյանի եղբայրները՝ Արմեն և Արամ Սարգսյանները:

«Վազգեն. վերջին Սպարապետ» ֆիլմն հասանելի է երևանյան բոլոր կինոթատրոններում:

Լուսանկարները՝ Kamoblog-ի