ԱՄՆ արդարադատության նախարարության աշխատակիցը հեռացվել է աշխատանքից Մել Գիբսոնին զենք տրամադրելուց հրաժարվելու համար

ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի աշխատակցուհին հեռացվել է աշխատանքից այն բանից հետո, երբ նա դեմ է արտահայտվել դերասան Մել Գիբսոնին հրազենի լիցենզիա ստանալուն։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։

Էլիզաբեթ Օյերը, ով նախկինում աշխատել է նախարարությունում որպես համաներման փաստաբան, թերթին ասել է, որ իրեն աշխատանքից ազատել են առանց որևէ բացատրության։ Սակայն նա կարծում է, որ իր պաշտոնանկությունը կապված է այդ հարցում իր դիրքորոշման հետ։

Մել Գիբսոնը, ով հայտնի է Դոնալդ Թրամփի հանդեպ իր համակրանքով, զրկվել է հրազենի լիցենզիայից այն բանից հետո, երբ 2011 թվականին իրեն մեղավոր է ճանաչել ընտանեկան բռնության մեջ: Օյերը մի թիմի անդամ էր, որը վերանայում էր քրեական անցյալ ունեցող մարդկանց զենքի իրավունքները վերականգնելու դիմումները: Նա նշեց, որ Գիբսոնի փաստաբանների բողոքում նշվում էր, որ նա հայտնի և հաջողակ դերասան է։ Թրամփը նրան նշանակել է «հատուկ դեսպան մի գեղեցիկ, բայց անհանգիստ վայրում՝ Հոլիվուդում, Կալիֆոռնիայում»:

Չնայած այն հանգամանքին, որ դերասանին տեսել են ԿՀՎ-ի նոր տնօրեն Քեշ Պատելի ընկերակցությամբ, Օյերը շարունակել է դեմ լինել լիցենզիայի վերականգնմանը։ Մի քանի օր անց նա ստացել է աշխատանքից ազատման ծանուցում: Էլիզաբեթ Օյերի տրամադրած տեղեկությունը լիովին հաստատել են Արդարադատության դեպարտամենտից երկու աղբյուրներ։

Հունվարին Գիբսոնը Variety ամսագրին ասել էր, որ ինքը նույնքան զարմացել է, որքան բոլորը, երբ իմացել է, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նշանակել է իրեն Հոլիվուդում իր հատուկ բանագնաց՝ կատակելով, որ այժմ  նրան նստավայր պետք է տան։

Աղբյուր` Panorama.am