«Աննայի ծնողները համաձայն չէին մեր շփմանը, 17 տարեկանում փախցրի»․ Արման Հովհաննիսյան

Մարտի 15-ին Մոսկվայում կայացել է երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Արման Հովհաննիսյանի երկար սպասված մենահամերգը: Մարտի 22-ին Արմանը մենահամերգ կունենա նաև Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Համերգի հատուկ հյուրերն են Արմենչիկը, Լիլիթ Հովհաննիսյանը, Սարո Թովմասյանը, Աբրահամ Ռուսոն և այլ երգիչներ: Երևանյան մենահամերգին ընդառաջ երգիչը հարցազրույց է տվել «Alpha News»-ին։ Արմանը խոսել է նաև ուսանողական տարիների, կարիերայի, Ռուբեն Մաթևոսյանի և ընտանիքի մասին։

Մորական տատիկը երգում էր

Ծնողներս կապ չունեն երաժշտության հետ։ Բայց թե՛ հայրական, թե՛ մայրական կողմից ունեմ երաժիշտ բարեկամներ։ Տատիկս՝ մայրիկիս մայրիկը, երգում էր։ Ծնողներս սիրում են իմ ժողովրդական երգերը։ Մայրս շատ է սիրում, երբ «Թամամ աշխար պըտուտ էկա»-ն եմ երգում։ Նա միշտ ինձ հիշեցնում էր՝ ժողովուրդն է քեզ ծափահարում։ Եվ դա այդպես է։ Արտիստի համար ամենաթանկն ու կարևորը հանդիսատեսի գնահատականն է։ Եթե դու լինես ամենալավ երգիչը, բայց քեզ չգնահատեն ու չսիրեն, դու ոչ ոքի պետք չես լինի։ 

Կարիերայի տրամպլինային երգը

Հանրությունն ինձ ավելի շատ ճանաչեց Արմեն Մանդակունյանի «Սիրելիս» երգով։ Դրանից հետո երիտասարդ երգահանների երգեր երգեցի, այնուհետև՝ հին գուսանական, աշուղական երգեր։ Հետո արդեն երգեցի «Կորած սերը», «Տարիները», «Գիտեմը», «Տեր Աստվածը»։ Մինչև այսօր բոլոր համերգները փակում եմ «Տեր Աստվածով»։ Հպարտորեն եմ երգում այդ երգը, պատերազմից հետո՝ ավելի հուզված, մի քիչ կոտրված։ Աստված տա շուտ ոտքի կանգնենք, հզորանանք, որովհետև մենք շատ հպարտ և պատմություն կերտած ազգ ենք։  

Սեր առաջին հայացքից

«Միսս աշակերտուհի» մրցույթում ժյուրի էի։ Մասնակցում էր նաև Աննան։ Այն ժամանակ նա 16 տարեկան էր, ես՝ 21։ Հետաքրքրվեցի նրանով։ Որոշ ժամանակ անց ասացինք պետք է տեսահոլովակ նկարենք և ուզում ենք, որ նա նկարահանվի։ Առաջին հայացքից գեղեցկությունն ինձ դուր եկավ։ Հետո, երբ շվեցինք, արդեն տեսակն ու մտածելակերպը շատ հավանեցի։ Ծնողները համաձայն չէին մեր շփմանը։ 17 տարեկան էր, երբ փախցրի։ Այդ ժամանակ սովորում էի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, զուգահեռ երգում՝ ռեստորանում։ Երևի մտածում էին՝ երգիչ եմ, գիշերները ուշ եմ տուն գալու, իրենց աղջկան նման տղա պետք չէ։ Բայց ես հենց ծնունդիս օրը ինքս ինձ նվեր արեցի ու փախցրի։ Հետո ծնողներն արդեն եկան ու հայկական ավանդական ձևերով ամեն ինչ կազմակերպեցինք։ Նա իմ ընկերն է։ Ինձ համար շատ թանկ և կարևոր մարդ է։ Աստծուն շնորհակալ եմ, որ կողքիս հենց իր նման կին է։ Ընտանիքի տեսանկյունից իմ մասնագիտությունը փոքր-ինչ բարդ է։ Եթե կողքիդ անձնավորությունը չհասկացավ, ոչինչ չի ստացվի։ Հաջողությանս գաղտնիքը կինս է։ 

Երեխաները

Ունեմ երկու դուստր։ Մեծն ավարտեց Լոս Անջելոսի դիզայներական համալսարանը։ Որոշել է շարունակի ուսումը Նյու Յորքում։ Փոքրը դեռ դպրոցական է։ Մասնագիտության հարցում չի կողմնորոշվել։