Արքայադուստր Դիանայի զարմուհիները նկարահանվել են Hello!-ի շապիկի համար

Արքայադուստր Դիանայի զարմուհիները՝ Լեդի Ամելիան և Լեդի Էլիզա Սփենսերը, զարդարել են Hello!-ի նոր համարի շապիկը: Հրապարակման համար նախատեսված ֆոտոշարքում աղջիկներն առաջին անգամ լուսանկարվել են իրենց սիրելիների՝ Ամելիայի ամուսնու՝ Գրեգ Մալլեթի և Էլիզայի ընկերոջ՝ Չենինգ Միլլերի հետ միասին։

Շապիկին պատկերված են 32-ամյա երկվորյակ քույրերը, որոնք նկարվել են Gavin Rajah-ի զգեստներով և Charles Greig-ի զարդերով Հարավային Աֆրիկայի La Cotte ֆերմայում, Քեյփթաունի մոտ, որտեղ նրանք մեծացել են: Քույրերի կերպարները կարծես հարսանեկան են, քանի որ Ամելիան նշում է ամուսնության երկրորդ տարեդարձը ամուսնու՝ ֆիթնեսի մարզիչ Գրեգի հետ, իսկ Էլիզան հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ ինը տարվա հարաբերություններից հետո մտածում է իր սիրելիի՝ Չենինգի հետ ամուսնության մասին։

«Կարծես թե մենք ամուսնանում ենք. դա լավ փորձ է դեպի խորան քայլելու համար: Ամուսնությունը միանշանակ մի բան է, որի մասին մենք շատ ենք խոսել»,- ասել է Լեդի Էլիզան: Քույրերի սիրելիները նույնպես մտերիմ են՝ Գրեգն ու Չենինգը սովորել են նույն դպրոցում։

«Չենինգն իմ լավագույն և մտերիմ ընկերներից մեկն է: Մենք խաղում էինք նույն սպորտաձևերում, ինչպիսիք են ռեգբին ու ջրագնդակը, և, բնականաբար, ունեինք շատ ընդհանուր հետաքրքրություններ»,- ասել է Գրեգը: «Ավելին, մենք կիսում ենք նույն արժեքները՝ հավատարմություն, ամբիցիաներ, ազնվություն և ընտանիքի ուժեղ զգացում»:

Քույրերը նշել են, որ միշտ ուրախ են վերադառնալ Հարավային Աֆրիկա, որտեղ մեծացել են իրենց ծնողների ամուսնալուծությունից հետո իրենց քրոջ՝ Քիթթիի և կրտսեր եղբոր՝ Լուիի հետ: «Հարավային Աֆրիկա վերադառնալն այնքան նոստալգիկ և յուրահատուկ զգացողություն է: Հարավային Աֆրիկայի էներգիայի հետ կապված մի բան կա, որը դժվար է բացատրել: Մենք այնքան բախտավոր ենք, որ այդքան խորը կապ ունենք այս վայրի հետ»: