Հայկական բրենդի փայլուն ցուցադրությունը Միլանի նորաձևության շաբաթվա ընթացքում

Միլանում օրերս ավարտվեց նորաձևության շաբաթը, որին ներկա էր նաև  «Էլսի Ֆեշն» հայկական բրենդը։ Լիանա Սարգսյանը աշխարհահռչակ մոդելիերների դատին ներկայացրեց իր ապրանքանիշի հագուստը, որն արժանացավ բավականին բարձր գնահատականի։
Հիմնադրվելով 2006 թվականին` «Էլսի Ֆեշն»-ը կարողացավ կարճ ժամակահատվածում իր ուրույն տեղը զբաղեցնել նորաձևության աշխարհում։
Միլանյան ցուցադրության և բրենդի հաջողություններով ShowBiz.am կայքի հետ իսվել է Լիանա Սարգսյանը:

«Հավաքածուն ստեղծվել է ներքնազգեստների հայտնի չինական բրենդի հետ համագործակցության արդյունքում՝ հենց Միլանի նորաձության շաբաթվան ներկայացվելու համար։ Չինական բրենդը նախապես ուղարկեց այն ներքնազգեստները, որոնց համապատասխան պետք է ստեղծվեին հագուստներ։
Արձագանքը Միլանում բավականին լավն էր, որովհետև մեր  հավաքածուն բավականին բարձր մակարդակով էր պատրաստված։ Ասեմ, որ շուտով կլինեն ավելի հետաքրքիր նորություններ»,- պատմում է Լիանան։

«Էլսի Ֆեյշն»-ը հայկական առաջին ապրանքանիշն էր, որը մասնակցում էր նման հեղինակավոր միջոցառման։
Միլիոնավոր աչքեր, քննադատություններ, բազմաթիվ հզոր ու փորձառու մրցակիցներ և մտավախություններ․ սակայն Լիանա Սարգսյանի հավաքածուն արժանացավ միայն հավանության ու բարձր գնահատականի։

«Իհարկե, մտավախություններ եղել են։ Յուրաքանչյուր նորաձևության շաբաթվա համար պետք է ստեղծել այնպիսի հավաքածու, որը կկարողանա պահել ոճը և բրենդը ճանաչելի դարձնել աշխարհին։ Ինձ համար քննադատությունները բաժանվում են երկու խմբի․ առաջին խմբին են պատկանում մասնագետների քննադատությունները, որոնք օգնում են շտկել թերությունները, փորձել հաջորդ անգամ ներկայանալ ավելի հետաքրքիր ու ճիշտ։ Երկրորդ խումբը նախանձողների քննադատություններն են, որոնք նույնպես լսում եմ, որպեսզի այնտեղից քաղեմ իմ դասերը»,- կիսվում է դիզայները։

Որպես հայկական նորաձևության ներկայացուցիչ՝ Լիանան տեսնում է՝ ինչպես է Հայաստանում այդ ոլորտը փոքրիկ-փոքրիկ քայլերով առաջ գնում։ Դիզայներն ամենից կարևոր է համարում այն, որ բնագավառի զարգացման սկիզբն արդեն դրվել է, և բարեբախտաբար, հայ դիզայներներն արդեն հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց աշխատանքները արտասահմանում՝ միջազգային հարթակներում։
Դիզայները չի մոռանում նաև խոսել հայուհիների յուրահատուկ ոճի մասին՝ նաև նշելով փորքիկ թերությունները։

«Հայուհիները միշտ խնամված են ու կանացի։ Եվրոպացիները առօրյայում ավելի հանգիստ ոճի մեջ են։ Հայուհիների ոճում թերությունն այն է, որ երեկոյան ու առօրյա կերպարները շատ նման են, որովհետև չգիտեն էլ ինչ անել։ Իհարկե, ինձ համար շատ կարևոր է կնոջ խնամվածությունը, ուղղակի կարելի է մնալ չափի մեջ, որպեսզի յուրօրինակ օրերին լինել հետաքրիքր»,- խորհուրդ է տալիս Սարգսյանը։

Ինքը՝ դիզայները, առօրյայում նախընտրում է սպորտային ոճը՝ չմոռանալով յուրահատուկ առիթներին ներկայանալ հենց «Էլսի Ֆեշն»-ի հագուստով։
Դիզայների կարծիքով իր բրենդը կրում են էլեգանտ բիզնես-լեդիները․ զուսպ, էլեգանտ ու գայթակզիչ։

     

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան