Շուտով «Շանթ» հեռուստաընկերության եթերում կմեկնարկի «Հայ Սուպերսթար 6»-ը։ Նախագծի պրոդյուսեր Սեդրակ Գոջամանյանը և հաղորդավարներ Գոհար Գասպարյանն ու Զիրոյանը «Առավոտը Շանթում» հաղորդման ընթացքում ներկայացրել են որոշ մանրամասներ։ Գրում է Fastnews.am-ը:
Պրոդյուսերը տեղեկացրել է, որ լսումների փուլն ավարտվել է և շուտով կլինի եթերում։ Այս պահին թատրոնի երկրորդ փուլն են նկարահանում։ «12 տարի կուտակված պոտենցիալի զգալի մասը մասնակցում է նախագծին։ Ունեցել ենք ավելի քան 600 հայտ։ Հայտերի քանակով գերազանցել ենք «Հայ Սուպերսթար 3»-ին, «Հայ Սուպերսթար 4»-ին և «Հայ Սուպերսթար 5»-ին։ Միայն «Հայ Սուպերսթար 1»-ի հայտերն են ավելին եղել։ Եթե տարիքային սահմանափակում չլիներ, հայտերն ավելի շատ կլինեին», – վստահեցրել է Սեդրակը։
Նա խոսել է նաև ժյուրիի ու հաղորդավարների ընտրությունից։ «Երկար քննարկումներից հետո ենք որոշել թե՛ հաղորդավարներին, թե՛ ժյուրիին։ Ընտրեցինք այն ոսկե միջին տարբերակը, որ լինի 3 տարբեր բևեռ՝ Անդրեի նման արտիստ, Սյուզաննա Մելքոնյան, ով բազմաթիվ մրցույթների փորձ ունի և Գլումովի նման երաժշտական ճաշակով մարդ։ Երաժշտական պրոդյուսերներն են Անդրեն և Գիսանե Պալյանը։ Վոկալիստը Ռուզաննա Ջամբազյանն է, գործիքավորումը կկատարի Արմեն Ձամուկաշվիլին»,- նշել է պրոդյուսերը։
14 տարի անց եթե կվերադառնա Գոհար Գասպարյանը։ «Ֆիզարձակուրդում էի, երբ շատ անսպասելի ստացա «Հայ Սուպերսթար 6»-ը վարելու առաջարկը։ Եթերը շատ կարոտել էի։ Շնորհակալ եմ, որ ղեկավարությունն ինձ դիտարկեց։ Կփորձեմ ամեն ինչ անել, որպեսզի արդարացնեմ և՛ իրենց, և՛ հեռուստադիտողի սպասելիքները։ Վստահ եմ՝ իմ փորձով օգտակար կլինեմ։ Կան շատ տաղանդավոր երեխաներ։ Արդեն ունեմ ֆավորիտներ։ Շփվել ենք մասնակիցների հետ։ Հիմնականում լարված են լինում։ Ես խորհուրդներով եմ փորձում օգնել նրանց, Զիրոյանը՝ հումորով։ Այսօր համացանցը, եթե ոչ դոմինանտ, ապա հավասար քայլում է հեռուստատեսության հետ։ Բայց, կարծում եմ, կան նախագծեր, որոնք ստեղծված են հենց հեռուստատեսության համար։ Այդպիսիք են «Հայ Սուպերսթարը», «X Factor»-ը և նման այլ նախագծեր։ Եթե այդ նախագծերից հեռուսատեսության բաղադրիչը հանես, այն այլևս գոյություն չի ունենա։ Սա պրոֆեսիոնալ բեմ է և եթեր։ Պարզապես մրցույթ չէ։ Բացի այդ, շատ լավ հնարավորություն է մասնակիցների համար։ Նման նախագծերը դեռ ապրում են և կապրեն, քանի որ բլոգերները երբևէ հնարավորություն չեն ունենա նման մեծամասշտաբ նախագծեր իրականացնելու», – նշել է Գոհարը։
«Մեծ պատիվ է Գոհարի հետ լինել նույն բեմում։ Ասել եմ ու կասեմ՝ Գոհարը պրոֆեսիոնալ է նման նախագծերում։ Ինքս շատ բան ունեմ սովորելու նրանից», – խոստովանել է Զիրոյանը։