«Երևանյան հանդիսատեսին սպասվում է մեկ այլ անակնկալ «Ֆուլ հաուս»-ի կողմից». Մենչ

«10 տարի անց հանդիսատեսին սպասվում է նոստալգիկ երեկո «Ֆուլ հաուս» նախագծի սիրված կերպարաների մասնակցությամբ»,- Tert.am Life-ի հետ զրույցում ասաց Մենչն ու հավելեց, որ մայիսի 4-ին՝ Լոս Անջելոսում սպասվող համերգի տոմսերը 1 շաբաթում սպառվել են, իսկ 2-րդ համերգը կկայանա մայիսի 10-ին:

«Մեր առաջին համերգը եղել է հենց Լոս Անջելեսում՝ 2015 թվականին, և ինձ թվում է մարդիկ կընկնեն հիշողության գիրկը: Այնպես որ՝ սպասվում է ֆուլ հաուսային հաճելի երեկո:

Այն մարդիկ, ովքեր ներկա են եղել նախորդ համերգին, պատկերացում կազմում են ինչ է իրենից ներկայացնում մեր համերգ-ներկայացումը: Այն ներառում է հումորային համարներ «Ֆուլ հաուս»-ի հայտնի կերպարների մասնակցությամբ»,- պատմեց Մենչը:

Խոսելով հայկական ամենապահանջված սիթքոմի՝ «Ֆուլ հաուս»-ի անդամների հետ հարաբերությունների մասին՝ Մենչը նշեց, որ բոլորի հետ դրական ու ընկերական հարաբերությունները պահպանվում են:

«Հանդիպում ենք, երբ հնարավորություն ենք ունենում, ցավոք, բոլորը գերզբաղված են տարբեր երկրներում, դա է պատճառը, որ մի քիչ ուշ-ուշ ենք տեսնվում, բայց դա չի խանգարում մեր լավ ու դրական հարաբերություններին»,- նշեց մեր զրուցակիցը:

Համերգի մտահղացման հեղինակը Մենչն է: Նրա խոսքով՝ թեև երևանյան հանդիսատեսին համերգ չի սպասվում, բայց կլինի մեկ այլ անակնկալ «Ֆուլ հաուս»-ի կողմից:

«Այս պահին չակերտները շատ չեմ ցանկանում բացել, բայց վստահեցնում եմ, որ շատ հաճելի անակնկալ է լինելու:

Մենք ստանում ենք բազմահազար նամակներ մեր հեռուստադիտողից, շատ են հարցնում՝ արդյոք չի լինելու  «Ֆուլ հաուս»-ի 10-րդ եթերաշրջան, գիտեմ, որ հանդիսատեսը սպասում է, բայց, ցավոք 10-րդ եթերաշրջան չի լինելու»,- ամփոփեց Մենչը: