Ամերիկաբելգիացի դերասան Ժան Կլոդ Վան Դամը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ցանկություն հայտնելով գալ Ռուսաստան և դառնալ խաղաղության դեսպան. նրա հայտարարությունը հրապարակվել է ուկրաինացի լրագրող Դիանա Պանչենկոյի Telegram ալիքում։ Սակայն թե երբ է նկարահանվել ուղերձը, հայտնի չէ, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Ողջույն, պարոն Պուտին… Մենք ուզում ենք գալ Ռուսաստան, մենք կփորձենք դա անել այնպես, ինչպես Դուք ճիշտ եք համարում, որպեսզի (ես հնարավորություն ունենամ.-Խմբ.) դառնալ խաղաղության դեսպան… Եկեք դա անենք», – ասել է Վան Դամը:
Դերասանի խոսքով՝ ինքը պատրաստ չէ Ռուսաստանի ղեկավարի հետ քաղաքականություն քննարկել, այլ ցանկանում է խոսել բացառապես «խաղաղության, սպորտի ու երջանկության» մասին։ Եզրափակելով՝ Վան Դամը «մեծ համբույր» է ուղարկել Պուտինին, նրա ընտանիքին և Ռուսաստանին։
Կադրերում Վան Դամի հետ ուկրաինացի գործարար, նախկին պատգամավոր Ալեքսանդր Օնիշչենկոն է։ Ապրիլի 12-ին նա Instagram-ում համատեղ լուսանկար էր հրապարակել դերասանի հետ՝ արված Դուբայում, սակայն տեսանյութի նկարահանման ամսաթիվն անհայտ է։