«Ռոսիա սեգոդնյա» մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը պատմել է ամուսնու՝ ռեժիսոր Տիգրան Քեոսայանի վիճակի մասին, որը հունվարից ի վեր կոմայի մեջ է: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նրա խոսքով՝ Քեոսայանը սկսել է արձագանքել արտաքին գրգռիչներին․ սեղմում է մատները, թարթում է, երբ դիմում են իրեն, երբեմն նույնիսկ փորձում է շարժվել։
«Նա չի խոսում, բայց պատասխանում է։ Ես ասում եմ՝ «Արևս, եթե ինձ լսում ես, թարթիր», և նա թարթում է: Ասում եմ՝ «Գնանք տուն», նա բերանը բացում է, շարժվում, ձեռքերով ձգվում է։ Մենք շփվում ենք նրա հետ, թեև նա լռում է։ Ես համբուրում եմ նրա ոտքերը, իսկ նա ի պատասխան ծալում է մատները»,-«Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում Բորիս Կորչևնիկովի «Մարդու ճակատագիրը» հաղորդման ժամանակ պատմել է Սիմոնյանը։
Նա նշել է, որ հունվարի սկզբից ի վեր, երբ Քեոսայանը կլինիկական մահ տարավ և կոմայի մեջ ընկավ, մինչև ամսվա վերջ որևէ արձագանք չկար։ Միայն մի քանի շաբաթ անց հայտնվեցին առաջին նշանները՝ ձեռքերի շարժում, աչքերի արձագանք։
Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աղոթում են իր ամուսնու առողջության համար և հույս է հայտնել, որ հենց աջակցության և աղոթքների շնորհիվ է Տիգրանը սկսել բացել աչքերը:
«Առաջին ամիսը ես հիվանդանոցում էի ապրում, բառացիորեն բնակություն էի հաստատել այնտեղ։ Առաջին շաբաթը ոչինչ չեմ կերել, ոչ մի պատառ։ Նույնիսկ չգիտեի, որ ի վիճակի եմ այդպես անել։ Մի ամբողջ ամիս ծնկաչոք եմ անցկացրել, աղոթելով, խնդրելով, որպեսզի սա անցնի մեզնից, Տիգրանից, նրա մորից՝ Լաուրայից (Քեոսայանի մայրն է-խմբ․), ինձնից, մեր ընտանիքից։ Բայց Աստծո նախախնամությունը մեզ հայտնի չէ։ Այդ պատճառով էլ առայժմ այսպես»,-պատմել է Սիմոնյանը։
Նա նաև հավելել է, որ բժիշկները կանխատեսումներ չեն անում։
«Դա արդեն բժշկությունից դուրս է։ Մեկը կոմայից դուրս է գալիս մեկ ամիս անց, մյուսը՝ վեց տարի անց, ինչ-որ մեկն էլ՝ երբեք»,-ասել է նա:
RT-ի գլխավոր խմբագրի խոսքով՝ Քեոսայանը սրտի հետ կապված լուրջ խնդիրներ ունի. նա երեք ինֆարկտ է տարել։