Երգի պետական թատրոնի տնօրեն Մանե Գրիգորյանի խոսքով՝ թատրոնի պատերի մեջ մինչ օրս մնացել է Արթուր Գրիգորյանի շունչը, իսկ նրա բացակայության մասին դժվարանում է խոսել:
«Հերմինե դիալոգ»-ի շրջանակներում Մանեն պատմել է, թե ինչպես է Արթուր Գրիգորյանը նրան ուղղորդել մանկական ներկայացում բեմադրելու, ինչն այսօր ամենաշատն է իրեն հաճույք պատճառում: Գրում է Tert.am-ը:
«Հասկացա, որ մանկական ներկայացումների բացը կա և պետք են ներկայացումներ:
Այդ շրջանում թատրոնում միայն ամանորյա մանկական ներկայացումներ էին: Գնացի, հայրիկիս ասացի՝ գիտե՞ս, քիչ են մանկական ներկայացումները, պետք է էլի ներկայացումներ անել: Ասաց՝ ես ժամանակ չունեմ, դու արա:
Շատ լուրջ ընդունեցի, գրեցի այն սցենարը, որը դուր կգար իմ 2 տարեկան աղջկան: Գերազանցիկի նման գնացի, ասացի՝ ես շատ լուրջ եմ ընդունել քո ասածը և սցենար եմ գրել:
Ասաց՝ ինձ մի տուր սցենարը, իջի՛ր դահլիճ, բեմադրի՛ր: Ինքը տարիներ շարունակ ինձ գաղտնի կրթել ու սովորեցրել էր, որ այդ օրն ինձ ասի՝ իջիր դահլիճ:
Այնպես էի լարվում ու հուզվում գլխավոր փորձի ժամանակ գեղարվեստական ղեկավարների կարծիքը լսելիս, մանակավանդ, երբ գեղարվեստական ղեկավարը հայրս էր ու ամենաշատը ինձ վրա էր բարկանում…
Վերջին 2 ներկայացումների ժամանակ ճակատս համբուրում էր, իսկ դա իր ամենամեծ հաճոյախոսությունն էր:
Ուրախ եմ այդ գործը շարունակելու համար, այսօր ամենաշատը դրանից եմ հաճույք ստանում»,- պատմել է Մանե Գրիգորյանը: