«Որդիս 6 տարեկան է, մինչև 4 տարեկանը գրկած էինք քայլում, որ հանկարծ չընկնի, նոր ենք հասկացել, որ սխալ էինք»․ Ֆելիքս Խաչատրյան

Ֆելիքս Խաչատրյանը հյուրընկալվել է «Talks with Lucy» փոդքասթին։ Ռեփերը խոսել է եթերից հեռանալու, որդու, ապագա ծրագրերի, ԱՄՆ-ում մարդկանց ապրելաոճի, արտագաղթի և հայերի մասին։ Գրում է Fastnews.am-ը:

Կյանքն  ԱՄՆ-ում

1 տարում ամենաշատը 20 օրով եմ գալիս ԱՄՆ։ 15 օր հետո ուզում եմ գնալ տուն։ ԱՄՆ-ում այնքան լուռ է ամեն ինչ, թվում է՝ խլացել եմ։ Այնքան լուռ է, որ կարելի է հանգիստ նստել ու ծերության մասին ալբոմ գրել։ Ընդմիշտ չեմ տեղափոխվի ԱՄՆ, բայց մի քանի տարով հնարավոր է։ Առանց Հայաստանի «հոտի» չեմ կարող։ 

Հեռուստատեսությունից հեռանալու պատճառը

10 տարի է՝ հեռուստատեսությունում անելիք չկա։ Եթե համաձայնես միշտ նույն բանն անել, ապա անելիք կա։ Օրինակ՝ կարելի է միշտ առավոտյան ծրագիր վարել, բայց ոչինչ ավելի։ Վաղուց այդ ամենում հետաքրքրություն չէի գտնում։ Ինձ համոզում էի, որ մի քիչ էլ շարունակեմ, բայց հասկացա, որ ոչ։ Բոլոր առաջարկները նույն ձևափաչն ունեին։ Սխալ է միշտ նույն երգը տարբեր ռիթմերով երգելը։ Եվ որոշեցի այդ ամենին չմասնակցել ու չնյարդայնանալ։

Որդու մասին

Որդիս 6 տարեկան է։ Մեր միակն է։ Երևի այդ պատճառով մինչև 4 տարեկան գրկած էինք քայլում, որ հանկարծ միայնակ չքայլի, չընկնի։ Նա հիմնականում ոչինչ չի անում։ Նա ասում է, մենք անում ենք։ Նոր ենք հասկացել, որ սխալ ենք եղել, բայց, կարծես, արդեն ուշ է։

Արտագաղթը

Լավ կյանքից չէ, որ մարդիկ տեղափոխվում են ԱՄՆ։ Չեմ կարծում՝ իրենց «տաք տեղը» թողնեն ու գնան։ Եթե գնում են, ուրեմն խնդիր ունեն։ Չես կարող որևէ մեկին մեղադրել։ Ես կնախընտրեի պայմաններն այնքան լավ լինեին, որ մարդիկ գնային ԱՄՆ, հանգստանային ու վերադառնային։