Այս ինչ գարշելի քննարկումներ են. Անի Քոչար

Լրագրող, մոդել Անի Քոչարը, արձագանքելով համացանցի վերջին օրերի քննարկումներին, սոցցանցերի իր էջերում նոր գրառում է արել:

«Այս ինչ գարշելի քննարկումներ են. այնինչի հարսնացուն սիրուն է, թե գեշ. գեշ է այս խոսակցություններն ու քննարկումները:

Մի երիտասարդ հայուհի ամուսնացել է (զույգին չեմ էլ ճանաչում, չգիտեմ էլ, թե ովքեր են և դա բնավ էական չէ, թող երջանիկ լինեն): Օրեր շարունակ նկատում եմ գեղեցիկի ու տգեղի խիստ սուբյեկտիվ բանավեճը, տեղ -տեղ լեզվակռիվը: Մեծամասամբ՝ կանայք, իրենց գեղեցիկի ընկալումների սվինն առել ու հրապարակ են դուրս եկել, կասեի՝ մեյդան են ընկել: Ժողովուրդ, հոգեվարքի մե՞ջ եք, մի հատ սթափվեք: Մի հատ մոտեցեք հայլուն և ձեր կերպարանքներին նայեք, ինչպես ու որքան կարելի է:

Իսկ ո՞վ է գեղեցիկը, հը՞, ո՞վ: Հազարումի միջամտություն արածնե՞րը, իրենք իրենց գեղեցկուհի համարողնե՞րը, թե՞ դուք՝ գարշելի մեկնաբանություն գրողներդ:

Շատ երկար կարելի է գրել, բայց մի բան կասեմ. Տիրոջ աչքին ձեր գեղեցիկ հոգով եք ներկայանում, արտաքին գեղեցկությունը խիստ սուբյեկտիվ ընկալում է: Տիրոջ համար մենք բոլորս Աստծո պատկերով ստեղծված մարդ ենք և երանի՜ նրան, ով մարդ է իրապես:

Հ.Գ. նույն օյինը բերեցիք տարիներ առաջ հայազգի աղջկա գլխին, ով համաշխարհային ապրանքանիշի ցուցադրության մասնակցեց:

Մարդու արտաքինը չեն դատի ու քննի, անթերի գեղեցիկներ: Ամոթ ունեցեք, ջնջեք ձեր զազրելի մեկնաբանությունները, մարդիկ կարդում են, միս ու արյունից են, պատկերացնու՞մ գոնե ունեք, թե ձեր աջուձախ շպրտած մեկնաբանություններից որքան կարող եք խոցել ու ցավ պատճառել»,- գրել է Անին։