Ապրիլի 28-ին Փարիզում մեկնարկել է դատավարություն, որի նկատմամբ ուշադրությունը չափազանց մեծ է հիմնականում տուժածի հնչեղ անվան պատճառով։ Զինված կողոպուտի, բռնի կալանքի և հանցախմբին անդամակցելու համար երդվյալ ատենակալների առջև կկանգնեն 12 կասկածյալներ, որոնց գործողությունների զոհը 2016 թվականի հոկտեմբերի 3-ին մեդիաաստղ Քիմ Քարդաշյանն էր։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
Փարիզի հյուրանոցներից մեկի համարում նրա վրա հարձակման ժամանակ հանցագործները գողացել են շուրջ 9 միլիոն եվրո արժողությամբ զարդեր, այդ թվում՝ 4 միլիոն եվրո արժողությամբ ադամանդե նշանադրության մատանին, որը նրան Քանյե Ուեսթն էր տվել:
Հայտնի է, որ ամերիկյան իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը ցուցմունք կտա դատարանում՝ 9 տարի առաջ Փարիզի հյուրանոցներից մեկում հանցախմբի կողմից զենքի սպառնալիքով կողոպուտի զոհ դառնալու գործի շրջանակում:
Կողոպուտի ժամանակ Քարդաշյանին կապկպել էին ու փակել հյուրանոցային համարի լոգասենյակում:
Բոլոր 12 մեղադրյալները ներկայում ազատության մեջ են մինչև դատավարության մեկնարկը: Ֆրանսիական մամուլում հանցախումբը հայտնի է որպես Grandpa Robbers (Թալանչի ծերուկներ): Այս գործով դատավարությունը սկսվել է այսօր, իսկ մայիսին Քարդաշյանը երդվյալ ատենակալների ներկայությամբ ցուցմունք կտա: