ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Առևտրի նախարարությանը և ԱՄՆ առևտրի ներկայացուցչին հանձնարարել է «անհապաղ սկսել 100% մաքսատուրքի կիրառման գործընթացը» բոլոր ֆիլմերի համար, որոնք Միացյալ Նահանգներ են մուտք գործում արտերկրից։ Այս մասին ամերիկացի առաջնորդը գրել է իր Truth Social սոցիալական ցանցում։
Թրամփն ասել է, որ ամերիկյան կինոարդյունաբերությունը «շատ արագ մեռնում է»: Նրա խոսքով՝ այլ երկրներ կինոգործիչներին և ստուդիաներին Միացյալ Նահանգներից գրավում, տանում են իրենց մոտ, և Հոլիվուդն ու երկրի «շատ այլ ոլորտներ» անկում են ապրում:
«Սրանք այլ երկրների կողմից համաձայնեցված գործողություններ են և, հետևաբար, սպառնալիք են ազգային անվտանգությանը… Մենք ցանկանում ենք, որ ֆիլմերը նորից նկարահանվեն Ամերիկայում», – գրել է նա:
Ապրիլին Չինաստանի ազգային կինովարչությունը հայտարարել էր, որ Չինաստանը կսահմանափակի հոլիվուդյան ֆիլմերի ներկրումը ի պատասխան Թրամփի մաքսատուրքերի: Reuters-ը գրել է, որ Չինաստանի նման քայլն ավելի կնվազեցնի ամերիկյան ֆիլմերի պահանջարկը։