Դերասանուհի, հաղորդավար Անի Խաչիկյանը հյուրընկալվել է Նազենի Հովհաննիսյանի «Կամուրջներ» հաղորդաշարին և պատմել «Կյանք ու կռիվ» ֆիլմի ազդեցության, իր և Սոս Ջանիբեկյանի սիրավեպի մասին լուրերի, սարերում անցկացրած հղիության շրջանի և այն մասին, թե ինչ որակներ պիտի ունենա այն տղամարդը, որի հետ հարաբերություններ կսկսի: Գրում է BRAVO.am-ը:
«Հետազոտեցին ու ասացին՝ «Անցար ծնարան»»
Իմ հղիության ամբողջ շրջանն անցել է Խուստուփին ապրելով ու տարբեր սարերի ճանապարհներին։ Բայց ես չեմ փոշմանում։ Ճիշտ է՝ երկրորդ անգամ նույնը չեմ կրկնի (ժպտում է,- հեղ․)․ շատ դժվար էր։ Բայց երբ հիշում եմ, թե այդ պահին ինչ ֆանտաստիկ էր իրողությունը․․․ Այդ գիշեր, երբ հասկացա՝ ծննդաբերական ցավերը սկսվում են, պատրաստվում էի Կապանից մինչեւ Երեւան հասնել։ Հղիության 8-րդ ամսում էի, այլ կերպ էի պլանավորել ծննդաբերությունը։ Պայմանավորվածություն ունեինք բժշկի հետ, պետք է գայի Երեւան, ամեն ինչ առնեի, պատրաստվեի ու սպասեի։ Բայց երեխան գիշերն ասաց՝ «Ես ավելի շուտ եմ ուզում ծնվել, ճիշտն ասած»։ Ես ու Տեսլայի պապան այդպես ճանապարհ ընկանք սարերի միջով, ոչ սովորական ու խորդուբորդ ճանապարհներով։
Հենց հասանք Կապան, բուժկենտրոն գտանք, որ հասկանանք՝ ամեն ինչ նորմալ է, թե չէ։ Գիշերվա ժամը 3-ն էր մոտավոր, այդ բուժկենտրոնում լույսերն անջատված էին, միայն մի թրթռացող լույս կար միջանցքում, մարդ չկար նույնիսկ։ Զանգեցինք, ինչ-որ մեկը քնաթաթախ եկավ, բացատրեցինք իրավիճակն, ու խնդրեցի ստուգել ինձ։ Հերթապահ բժիշկը մոտեցավ, ստուգումն արեցին ու ասացին՝ «Անցար ծնարան» (ժպտում է,- հեղ․)։
«Անհայտ բաժանորդ»-ից հետո իմ և Սոսի մասին խոսակցությունները մնացին
Խոստովանեմ՝ ոչ մեկը չէր կարող այդ դերն ավելի լավ խաղալ, քան՝ ես, որովհետեւ խաղում էի այն, ինչ իմ կյանքում կատարվում էր այդ ժամանակ: Մի քիչ ավելի բուռն եւ խորքային իրադարձություններ էին իմ կյանքում, իհարկե, բայց նույն կարգի ցավոտ: Դրանից որոշ ժամանակ հետո ավարտվեցին այդ հարաբերությունները:
Ֆիլմն ավարտվեց, բայց ասեկոսեներ մնացին իմ եւ Սոսի մասին, որովհետեւ այդ ժամանակ նույն անցումային շրջանն էր թե՛ իմ, թե՛ Սոսի կյանքում։ Անցավ որոշ ժամանակ, մի օր ես ու Սոսը պատահաբար հանդիպեցինք մեկ ուրիշ ֆիլմի պրեմիերայի ժամանակ։ Ողջունեցինք իրար, ու հենց այդ պահին մեզ խնդրեցին նկարվել միասին։ Հաջորդ օրն արթնացանք մի նոր սիրային պատմությամբ, թե իբր իրականում այդ ֆիլմից հետո մեր միջեւ սիրավեպ է սկսվել, ինչի պատճառով էլ մենք՝ երկուսս, բաժանվեցինք (ծիծաղում է,- հեղ․)։
Ինչպիսին պետք է լինի Անի Խաչիկյանի տղամարդը
Պետք է կարողանա սիրել։ Գիտես, առհասարակ, այնպես չէ, որ սիրելը բոլոր մարդկանց մոտ է ստացվում, տղամարդկանց դեպքում էլ մասնավորապես բարդ է։ Բայց պետք է կարողանալ սիրել։ Ինձ թվում է՝ այդ մի դրվագը շատ կարեւոր է ու ամեն ինչ կարող է տեղը գցել։
Զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝