Դարձե՛ք մեր 11-րդ նահանգը. կանադացի դերասանը հեգնել է Թրամփին

Կանադացի դերասան Ուիլյամ Շաթները, որը հայտնի է «Աստղային ճանապարհ» սերիալում կապիտան Քըրքի դերով, հեգնանքով է պատասխանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Կանադան ԱՄՆ 51-րդ նահանգը դարձնելու առաջարկին։

Fox News-ին տված հարցազրույցում 94-ամյա Շաթները, որն ունի և՛ Կանադայի, և՛ ԱՄՆ քաղաքացիություն, հակադարձել է.«Եկեք առաջարկենք Միացյալ Նահանգներին դառնալ մեր 11-րդ նահանգը, պատկերացրեք ուրախությունը: Այստեղի մարդիկ ընկերասեր են։ Նրանք ասում են ձեզ՝ եկե՛ք: Մեզ մոտ ավելի մաքուր է, մենք շատ էներգիա ունենք, և կան լավ մարդիկ, որոնք ցանկանում են աշխատել ձեզ հետ»:

Նրա մեկնաբանությունը հնչել է ի պատասխան Կանադայի՝ Միացյալ Նահանգներին հնարավոր միանալու մասին Թրամփի կրկնվող հայտարարություններին:

Այնուամենայնիվ, ոչ բոլորն են գնահատել դերասանի հեգնական տոնը: Շաթները խոստովանել է, որ իր հարցազրույցից հետո բազմաթիվ բացասական մեկնաբանություններ է ստացել։

«Եթե դուք վրդովված էիք ԱՄՆ-ի՝ կանադական նահանգ դառնալու մասին իմ մեկնաբանություններից, պատկերացրեք, թե ինչ են կանադացիները զգում, երբ հարևան պետության ղեկավարը հակառակն է առաջարկում»,- հավելել է դերասանը։