«Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանի ներկայացուցիչ Պարգը հետևորդներին պատմել է, թե իր մրցութային Survivor երգն ինչ իմաստ ունի։
«Ինձ համար սա, պարզապես, երգ չէ, այն հիշեցում է, որ պետք է հավատարիմ մնաս քո էությանը, անես այն, ինչ ցանկանում ես, զգում ես»,- տեսանյութում ասում է երգիչը։
Նա նշել է, որ փոքր տարիքում բուլինգի է ենթարկվել մյուս երեխաների կողմից՝ տարբեր լինելու պատճառով։
«Նրանք փորձեցին կոտրել ինձ, բայց ես կանգ չառա։ Մանկության տարիներին ինձ ծաղրելը մի բան է, որի հետ, վստահ եմ, շատերը կարող են առնչվել, և դրա հետևանքները կարող են կործանարար լինել։
Հիմա ես կանգնած եմ Եվրատեսիլի բեմում՝ ոչ միայն որպես դժվարություններին դիմացած մարդ, այլև որպես ապացույց, որ դիմացկունությունը հաղթում է։ Սա բոլոր նրանց համար է, ում երբևէ ասել են, որ իրենք չեն կարող ինչ-որ բանի հասնել»,- գրել է Պարգը։
«Survivor» երգի հեղինակներն են Թոմաս ՋիՍոնը (Լորինի «Tattoo» և «Euphoria» Եվրատեսիլի հաղթող երգերի հեղինակը) և Բենջամին Ալասուն (Նեմոյի «The Code» Եվրատեսիլի հաղթող երգի հեղինակը)։
«Ես ունեմ երգ «Առաջ», մեսիջն է՝ քայլել առաջ, չնայել դժվարություններին։ Ինձ թվում է՝ այս երգը դրա երկրորդ մասին է։ Միտքն այն է, որ չպետք է որևէ դեպքում հանձնվել, պետք է պայքարել ու գնալ առաջ։ Բոլորս էլ ունենում ենք դժվարություններ, բայց չպետք է կորցնենք մեզ, լույսը»,- ավելի վաղ ասել էր երգիչը։
«Եվրատեսիլ 2025»-ը տեղի է ունենալու մայիսի 13-ին, 15-ին ու 17-ին։ Պարգը ելույթ կունենա մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի ժամանակ` մայիսի 15-ին՝ 5-րդ համարի ներքո։
Աղբյուրը`Panorama.am