Օրերս հրապարակել էինք օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի բաց նամակը երիտասարդ երգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր, համաշխարհային մեծ բեմեր նվաճած Ջուլիանա Գրիգորյանին։
«Իրավունք»-ը հարցազրույց է ունեցել օպերային երգչուհի Ջուլիաննա Գրիգորյանի հետ։ Հայտնում է Fastnews.am-ը:
«Հուսամ՝ կգտնեմ ուժ արտահայտվելու: Ես եւ ուսուցիչս՝ oպերային թատրոնի երիտասարդական ծրագրի ղեկավար, մաեստրո Լեւոն Ջավադյանը, մեզ դավաճանված ենք զգում: Իր հետ ունեցած ընդհարումների պատճառով ինձ հետ հաշվեհարդար տեսավ՝ դարձնելով քավության նոխազ, ձգեց հանրային պարսավանքի երախը: Իմ հասցեին հնչում են ֆիզիկական ոչնչացման կոչեր, իսկ տիկինը չի բարեհաճում սաստի՝ դա ի՞նչ է, խրատելու նոր ձե՞ւ։ Թող նախ խոսեր ինձ հետ, կբացատրեի ամեն ինչ, սուտ մատնությամբ վրեժխնդիր է լինում, քանի որ չներեց հաջողված կարիերաս եւ հաղթանակներս։ Երբեւէ իր էջում արվեստիս վերաբերող նյութ չեք գտնի, իսկ ես միշտ սպասում էի նրա կարկառուն խոսքին, ախր ինքը մեր օպերային արվեստի մայրն էր, գուցե ինքս եմ գերագնահատել, չգիտեմ… Այդ չարաբաստիկ գրառումն էլ ինստագրամից տարածվեց: Օդանավակայանում էի՝ գիշերով, եւ չէի նկատել սկզբից ու քնել էի, հետո առավոտյան արդեն ուշ էր… Փաստորեն, ինքն այդ ամբողջ օրն իմ ուսուցչին էր անձնական նամակներով վարկաբեկել:
Կարող էր, չէ՞, անձնական նամակ գրել խրատել-նախատել: Ավա՜ղ… Երբեք ինձ չի սիրել, երբեք չի ուրախացել իմ շռնդալից հաջողություններով։ Ախր դա մոր, կնոջ, արվեստագետի քայլ չէր։ Աստված թող ների, նման փոքրոգի լինելը գուցե պատճառ ունի, կարող եմ պատկերացնել, թե ինչ է զգում, երբ լինելով երգչուհի՝ այլեւս չի երգում: Անշուշտ, ցավալի է, բայց ախր իմ մեղքը չէ»,- «Իրավունքին» տված հարցազրույցում ասել է երգչուհին: