Մայիսի 13-ին Ֆրանսիայում մեկնարկել է հեղինակավոր «Կաննի» 78-րդ կինոփառատոնը՝ համախմբելով համաշխարհային կինոյի աստղերին: Գրում է Tert.am-ը:
Շուտով ռեժիսոր Ելենա Արշակյանը կսկսի ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանության հետ համատեղ արտադրության իր նոր ֆիլմը, որն օրերս ներկայացրել է Կաննում:
Tert.am Life-ի հետ զրույցում ռեժիսորը պատմեց, որ ֆիլմի նկարահանումները լինելու են ամռան ամիսներին, պրեմիերան նախատեսվում է աշնանը:
Ֆիլմը ներկայացնում է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների խնդիրը: Ֆիլմի անվանումն Աստծո տասը պատվիրաններից մեկի անունով է՝ «Մի սպանիր»:
Նիդերլանդների դեսպանության հետ համատեղ աշխատանք է՝ կարճամետրաժ խաղարկային ֆիլմ: Սցենարի հեղինակը Անահիտ Մխիթարյանն է:
«Այս օրերին Կաննի կինոշուկայում գտնվելն ինձ հնարավորություն տվեց համաշխարհային կինոաշխարհի կենտրոնում ներկայացնել իմ առաջիկա ֆիլմը, որը արդեն աշնանը պատրաստ կլինի: Այստեղ հանդիպումներ ունեցա տարբեր կինոգործիչների հետ և ծանոթացա այն բոլոր փառատոններին, որոնց շրջանակում կներկայացվի «Մի սպանիր»-ը:
Այս ֆիլմն ինձ համար առանձնահատուկ է, որովհետև չափազանց ուժեղ ասելիք ունի, որը կարծում եմ կհասնի յուրաքանչյուրի սրտին և մտածելու տեղիք կտա: Ֆիլմը ներկայացնելու է հայկական իրականությունը, որտեղ երբեմն դեռ չծնված կյանքերին զրկում են ապրելու իրավունքից: Սեռը դառավճիռ չէ և մեծ օրհնություն է ընտանիքում ունենալ դուստր. հենց այս գիտակցությունն է, որ ցանկանում ենք արթնացնել յուրաքանչյուրի մոտ:
Հասարակությունը և հատկապես կանայք, բավականաչափ տեղեկացված չեն արհեստական ընդհատումների հետևանքների մասին, թե՛ կնոջ առողջության, թե սոցիալ-հոգեբանական տեսանկյունից: Հաճախ կանայք այդ որոշումն ինքնուրույն չեն կայացնում: Նրանք այդ քայլին են դիմում ընտանիքի անդամների ճնշումների ներքո: Ֆիլմը անդրադառնում է այս երևույթի բոլոր կողմերին և խորքային ներկայացնում բացասական հետևանքները»,- ասաց Ելենա Արշակյանը:
