Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը Կաննի կարմիր գորգով անցել է «Կոմիտասյան մանուշակներ» անվանումը կրող զգեստով

Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ, կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը՝ իր ֆիլմի երաժշտությամբ մասնակցել է Կաննի 78-րդ միջազգային կինոփառատոնին: Նա նաև «Marche du Film»-ի շրջանակում կազմակերպված մասնագիտական հանդիպումներին ներկայացրել է իր երաժշտությունը։

Շուշան Սարգսյանը գրել է. «Այս տարի ևս մասնակցում եմ Կաննի 78-րդ միջազգային կինոփառատոնին։ Փառատոնին ներկայացվեց իմ երաժշտությամբ ֆիլմ։

Մասնակցեցի նաև «Marche du Film»-ի շրջանակում կազմակերպված մասնագիտական հանդիպումներին՝ ներկայացնելով իմ երաժշտությունը։

Ի մեծ պատիվ ինձ՝ Կարմիր գորգով անցա հատուկ ինձ համար կարված «Կոմիտասյան մանուշակներ» անվանումը կրող զգեստով։ Զգեստի հեղինակն ու նախշազարդողը Լուսինե Մովսիսյանն է (Լուսնէ Արտ), ով ոգեշնչվել էր Կոմիտասի ջրամանների նախշազարդերից։ Հատուկ շնորհակալություն եմ հայտնում նաև

դիզայներ Նինա Սարկիսյանցին զգեստը կարելու համար և

նկարիչ, ոճաբան Արմինե Գևորգյանին՝ օգտակար խորհրդատվության համար։

Անսահման տպավորիչ զգեստը հմայչորեն փոխանցում էր հայկական մշակույթի խորությունն ու նրբագեղությունը։

Շնորհակալ եմ բոլոր գործընկերներիս այս գեղեցիկ ճանապարհը միասին անցնելու համար»։

Աղբյուրը`Panorama.am