«Անհայտ բաժանորդը» վերադառնում է. երբ հեռախոսները բացում են ամենամութ գաղտնիքները, իսկ ամենապահանջված դերասանները մեկ բեմում են

Հունիսի 19-ին տեղի ունեցավ Արշո Հարությունյանի «Անհայտ բաժանորդ» ներկայացման պրեմիերան, իսկ հունիսի 20-ին այն կրկին բեմ բարձրացավ։

Համանուն ֆիլմի պրեմիերայից 6 տարի անց սիրված դերասանները նույն կազմով կրկին «խաղացին նույն մերկացնող խաղը»:

Ընկերական մթնոլորտ, բայց մեկ «անմեղ» առաջարկը է փոխում ամեն բան։ Խաղի կանոնները պարզ են՝ եկող հաղորդագրությունները կարդացվում են բարձրաձայն, իսկ զանգերին պատասխանում ես՝ բոլորի առաջ։ Սկզբում զվարճալի է թվում։ Բայց րոպե առ րոպե հեռախոսները բացում են «ամենամութ» գաղտնիքները։
Ընկերական հավաքույթը վերածվում է ցավի ու ճշմարտության բացահայտման երեկոյի: Ի վերջո, որքա՞ն ենք մենք իրականում ճանաչում մեր մտերիմներին, արդյո՞ք ցանկանում ենք իմանալ՝ ինչ է թաքնված նրանց հեռախոսներում։

Գլխավոր դերերում հանդես են գալիս Խորեն Լևոնյանը, Նազենի Հովհաննիսյանը, Բաբկեն Չոբանյանը, Մարջան Ավետիսյանը, Սոս Ջանիբեկյանը, Անի Խաչիկյանը և Արթուր Մանուկյանը։ Ֆիլմի պրոդյուսերներն են՝ Տիգրան Վիրաբյանը և Արման Միտոյանը:

Ըստ Բաբկեն Չոբանյանի՝ չէր կարող չհամաձայնել, քանի որ երազանքի թիմ է հավաքվել, չնայած՝ վերադարձը բարդ էր տրվել.

«Այս նախագծին հոգեբանորեն հրաժեշտ էինք տվել, բայց պարզվեց՝ շտապել էինք: Բավականություն եմ ստացել, քանի որ երազանքի թիմ է հավաքվել, ինչը շատ է ոգևորում: Ժամանակ է անցել, փոքր փոփոխություններ են եղել, բայց գլոբալ առումով ամեն ինչ նույնն է, ինչպես՝ ֆիլմում: Գուցե փոխվել է մոտեցումը, փոքր դետալներ են թարմացվել. չէին կարող դրանք չլինել: Այս թիմի հետ աշխատելու, նաև նյութին տարիներ անց նոր ձևով նայելու, զգացողություններդ և վերաբերմունքդ վերանայելու ևս մեկ լավ առիթ է: Ցավով նաև արձանագրելու, որ այն օրերից մինչ օրս ոչինչ չի փոխվել»,-լրագրողների հետո զրույցում ասաց Բաբկեն Չոբանյանը:

Մարջան Ավետիսյանն էլ ասաց, որ չէր ցանկանա իրական կյանքում խաղալ այս խաղը.

«Համակարծիք եմ Խորեն Լևոնյանի հերոսի՝ Էդգարի մտքի հետ, ըստ որի՝ մենք շատ փխրուն ենք, իսկ սա հիմար խաղ է: Լավ կլինի չիմանանք այլոց հեռախոսի պարունակությունը, քանի որ բոլորիս մեջ կա «սատանա», կան թեմաներ, որոնց մասին չէինք ցանկանա խոսել: Համաձայն եմ նաև Նազենիի իմպրովիզի հետ՝ «Մարդ վախենում է մահանա»: Իսկապես այնքան ինֆորմացիա կա այդ «ամպիկի» մեջ»,-ասաց դերասանուհին:

Ըստ նրա՝ թեման չի կորցնի իր արդիականությունը, իսկ իրենք հիմա ավելի հասուն են մոտեցել այս աշխատանքին, քան տարիներ առաջ.

«Այս «գործը» Արշո Հարությունյանի ջանքերով դարձավ նաև պիես: Չգիտեմ՝ արդյո՞ք այլ երկներում այն որպես պիես խաղացել են, թե՞ ոչ. մեր բախտը բերել է, որ Արշոն այս աշխատանքը բեմ բարձրացնելու որոշում կայացրեց: Սա այսօրվա հասարակության մասին է, թվում է՝ այս տեխնոլոգիական դարում ազատ ենք, սակայն այդպես չէ, սահմանափակված ենք «սև արկղով»: Հավելեմ նաև, որ բոլորս միմյանց շատ էինք կարոտել»,-եզրափակեց Մարջան Ավետիսյանը:

Ի տարբերություն Մարջանի՝ Անի Խաչիկյանը պատրաստ է այս խաղին.

«Նման խաղ խաղալը, հատկապես՝ զույգի դեպքում շատ վտանգավոր է, բայց ես կգնայի այդ քալին: Իմ մասով միշտ հանգիստ եմ, իմ «օրակարգում» չկա այնպիսի մի տեքստ, նկար կամ նյութ, որը կարող է խոցել իմ մտերիմներից որևէ մեկին, չնայած՝ չգիտեմ արդյո՞ք կցանկանայի խաղալ այլոց հետ, շատ վտանգավոր է, բոլորս խոցելի ենք: Ունենալով նման անձնական փորձ (հեռախոսի մեջ մտնելու ու ցավոտ իրականության հետ առերեսվելու)՝ մյուսներին նման պատասխանատվության մեջ չէի դնի»,-ասաց Անին:

Ըստ նրա՝ այս տարիների ընթացքում ինքը շատ է փոխվել.

«Իհարկե, այդ ամենի արդյունքում կերպարը ևս փորձում է փոփոխվել, բայց «վերահսկում եմ», որովհետև իմ հերոսուհին ունի իր հստակ ձևն ու տեսակը: Չի փոխվել մեկ բան՝ նույն ստեղծագործական ու ջերմ մթնոլորտն է: Բեմում ամրապնդվում է մտերմությունը, հոգատարությունը: Արշոն շատ խստապահանջ է, սակայն մեծագույն հաճույք է նրա հետ աշխատելը, համատեղ նախագծերից հետո չեմ ամաչում իմ կատարածից, որովհետև գիտեմ՝ որքան մանրակրկիտ է աշխատում»,-եզրափակեց դերասանուհին:

Պրոդյուսեր Արման Միտոյանի խոսքով էլ՝ արդյունքից շատ գոհ են.

«Ֆիլմի պրեմիերայից հետո ԱՄՆ-ում խաղացել էինք որպես ներկայացում, ապա որոշել, որ Հայաստանում ևս պետք է կրկնենք, սակայն 2020-ին ամեն բան փոխվեց: Հետո բոլորի զբաղվածությունից ելնելով՝ անդադար չէր ստացվում: Առաջին անգամ հենց Տիգրան Վիրաբյանն էր հուշել ֆիլմը պիես դարձնել, նա էլ առաջարկեց Հայաստանում նույնը կրկնել: Հեշտ չէր, բայց արեցինք: Բոլորը զբաղված են, իսկ ներկայացում վերականգնելը պահանջում է ժամանակ, փորձեր, բայց ստացվեց, քանի որ կամքը կար: Այս նախագիծը շատ սիրված է նաև մեր կողմից, հերթական աշխատանք չէ: Որոշեցինք ու արեցինք: Արշոն որոշակի նորամուծություններ ավելացրեց, օրինակ՝ էկրաններ, որոնք ավելի հետաքրքրացրին աշխատանքը: Իհարկե, մտավախություն ունեինք նախքան մեկնարկը, քանի որ ֆիլմը մեծ լսարան է ունեցել, սակայն հասկանում էինք, որ այսքան աստղերի կենդանի խաղը տեսնելու ցանկությունը շատ ավելի մեծ կլինի: Ամենապահանջված դերասանները՝ մեկ բեմում»,-ասաց Արման Միտոյանը:

Հավելենք, որ հուլիսի 25-ին և 26-ին «Անհայտ բաժանորդը» կրկին բեմում կլինի:

Հիշենենք, որ «Անհայտ բաժանորդը» իտալական հայտնի «Կատարյալ անծանոթները» ֆիլմի հայկական տարբերակն է, որը տարբեր մեկնաբանություններով նկարահանվել է մի շարք երկրներում՝ Ֆրանսիայում, Իսպանիայում, Մեքսիկայում, Հունաստանում, Հարավային Կորեայում և Ռուսաստանում: