«Հիմա ընդամենը իմ մեկ ելույթի գումարով ես իմ ամբողջ մանկության դժվար օրերն անհոգ կապրեի». Տաթև Ասատրյան

«90-ականներին, երբ դժվարությունը համատարած էր, թե բարեկամդ, թե դասընկերդ, թե հարևանդ, բոլորի տանը նույն խնդիրն էր՝ հացի, լույսի, վառելիքի: Եվ դա մարդուն ինչ-որ տեղ սփոփում էր, որ ինքը միայնակ չի, բոլորն են դրա մեջ: Բոլորի տանն այդ նույն մոմն է վառվում:

Ինձ համար դժվար է, երբ այդ համատարած դժվարության տարիներն անցնում են, բոլորի կյանքը դեպի ավելի լավն է գնում, բայց քո կյանքը մնում է նույնը: Ու գնալով էլ ավելի էր վատանում, որովհետև դրան գումարվում է նաև մորդ հիվանդությունը:

Դժվար է, երբ սահնակի վրա փողոցներից հավաքած վառելիքդ քաշ ես տալիս տուն և մեքենայով դասընկերդ անցնում ու քեզ տեսնում է, ամաչում ես, որովհետև աղջիկ ես: Դժվար է, երբ դպրոցում ոչ մի անգամ ոչ մի էքսկուրսիայի չես մասնակցում: Ամեն անգամ մի պատճառ ես հորինում, որ հանկարծ իսկական պատճառը չիմանան, որ փող չունես: Ու հաջորդ անգամներն անունդ չեն էլ գրում, որովհետև գիտեն, որ չես գալու:

Դժվար է, երբ Նոր տարին գալիս է, ու դու ժամը 12-ին չես սպասում, որովհետև քեզ համար միևնույն է, թե որ ամսվա որ օրն է:

Հիմա եմ հասկանում, որ Աստված ինձ այդ կյանքը տվել է նրա համար, որ այսօր իմ ձայնն արժեք ունենա, որ հոգի ունենա:

Այն օրը մտածում էի, որ ընդամենը իմ մեկ ելույթի գումարով ես իմ ամբողջ մանկության դժվար օրերը անհոգ կապրեի: Բայց լավ է, որ այդպես է եղել, պիտի ճանապարհ անցնես, որ ինչին հասնես արժեքը հասկանաս ու պահես:

Ձայնը մարդու հետ ապրում է, բայց հոգին ձևավորվում է ապրած կյանքից: Ինձ շատ են ասում՝ ինչ հոգով ես երգում: Հիմա ես, որ եգում եմ, աչքերս փակում եմ, իմ ամբողջ կյանքս դիմոցովս անցնում է: Հիշում եմ իմ բոլոր տարիները»,- Մհեր Բաղդասարյանի Tete A Tete հաղորդման շրջանակներում անկեղծացել է երգչուհի Տաթև Ասատրյանը: Գրում է Tert.am-ը: