Արքայազն Ֆիլիպը մտահոգությամբ է արձագանքել արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի նշանադրության մասին հայտարարությանը, ըստ Daily Mail-ի՝ հղում անելով պատմաբան Էնդրյու Լոունիի կենսագրությանը։
Երբ արքայազն Հարրին 2017 թվականի նոյեմբերին հայտարարեց Մեգան Մարքլի հետ նշանադրության մասին, արքայազն Ֆիլիպի արձագանքը շատ հեռու էր ոգևորությունից. «Դերասանուհիների հետ հանդիպում ես, նրանց հետ չես ամուսնանում»։
Հեղինակի խոսքով՝ արքայազն Ֆիլիպը սկզբում կասկածանքով էր վերաբերվում ամերիկացի դերասանուհու թագավորական ընտանիքին միանալու գաղափարին։ Հետագայում Հարրին Էդինբուրգի դքսի նախազգուշացումը որակել է որպես իր «առանձնահատուկ» անկեղծության մաս։ Հարկ է նշել, որ արքայազն Ֆիլիպը հայտնի էր իր կոշտ, իսկ երբեմն՝ ցնցող հայտարարություններով։
Ինչպես պարզվեց, Ֆիլիպը միակը չէր, ով կասկածներ ուներ միության վերաբերյալ։ Նախկինում թագավորական ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները հայտնել էին, որ արքայազն Ուիլյամը նույնպես փորձել է զգուշացնել իր կրտսեր եղբորը շտապ որոշում չկայացնել։ Նա կարծում էր, որ հարաբերությունները չափազանց արագ են զարգանում։ Ավելի վաղ նաև հաղորդվել էր, որ թագավորական ընտանիքը դժկամությամբ է տիտղոսներ շնորհում արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի երեխաներին։
















