Դերասանուհի Անի Խաչիկյանը որոշել է 2026-ին առաջին անգամ Ինստագրամում պատասխանել իր հետևորդների հարցերին: Նրանց հետաքրքրության շրջանակը շատ տարբեր է եղել: BRAVO.am-ն առանձնացրել է դերասանուհու ուշագրավ մի քանի պատասխան սիրո, մայրության ու արվեստի մասին:
Սերիալներում չեմ նկարահանվում, որ թատրոն ավելի շատ գաք: Իսկ իրականում նկարահանվում եմ, եթե հետաքրքիր առաջարկ է լինում: Այս տարին գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու առումով հագեցած է լինելու:
Արվեստն ինձ համար քաղաքականությամբ զբաղվելու, պատերազմելու, դեստրուկտիվիզմի, ոչնչացման, էգոիզմի, ամբիցիաների եւ այլ նեգատիվի լավագույն արտահայտման տեղն ու միջոցն է: Իհարկե՝ նաեւ ինքնաարտահայտման, սիրո, արարման, բայց քանի որ մայր եմ, ինձ համար այս առումով ոչ լավագույնը, այլ լավագույններից մեկն է՝ կյանքի արարումից հետո:
Ծնող լինելու հիմնական սկզբունքներն ինձ համար սիրելն ու ինձ վրա աշխատելն են:
Մարդկանց մեջ կարեւորում եմ շատ սիրուն ու արժեքավոր բաներ, բայց հիմա հատկապես՝ ուրիշի մեջ լուսավորը գտնելու հիանալու հատկությունը:
Սիրե՞լ, թե՞ սիրվածլինել: Մեկն առանց մյուսի միակողմանի է: Ներդաշնակության համար, կարծում եմ, փոխադարձություն է պետք, բայց եթե այնուամենայնիվ պետք է ընտրել մեկը, ապա միանշանակ սիրել: Առանց այս կարողության կյանքը շատ տխուր կլինի:
Տարիքի հետ իմ մեջ պակասել են ինքնամեղադրանքը, զոհի համախտանիշը, քննադատական կատեգորիզմը: Եվ ըստ դրա առաջ են գալիս ավելի էական հատկություններ, հետեւաբար ճիշտ կլինի ասել, թե ինչն է ավելանում:























