Տարիներ շարունակ տրվող հարցից հետո, թե ե՞րբ է լինելու «Ֆուլ հաուսի»-ի նոր եթերաշրջանը, սիրված նախագիծը վերադառնում է, բայց այս անգամ ֆիլմի տեսքով: Հունվարի 29-ից մեծ էկրաններ բարձրացած «Ֆուլ Հաուս. Վայրէջք» խոստանում է զվարճացնել և հուզել: Սիրված հերոսներն այս անգամ վերադառնում են ամբողջովին նոր պատմությամբ, որը կապ չունի սիթքոմի հետ:
Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Երևանում և Ստեփանավանում ու տևել մոտավորապես 40 օր։ Ֆիլմում չկա միայն Քրիստինա Եղոյանի կերպարը՝ Զառան, դերասանուհին թղթաբանական խնդիրների պատճառով չի կարողացել ժամանել Հայաստան: Սակայն ֆիլմում կարող ենք տեսնել նոր կերպարների. դերասանական կազմին են միացել ռուսաստանաբնակ հայ դերասան Արտյոմ Կալաջյանը և Ավետ Բարսեղյանը:

«Երբ սցենարը գրվել է, բոլորը կարդացել են, հավանության արժանացրել, եթե անհրաժեշտ է եղել, արվել են նաև փոփոխություններ: Եվ վերջում, երբ արդեն բոլորիս սրտով էր, հասկացանք, որ կարող ենք արդեն նկարել»,- երեկ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Գրիգոր Դանիելյանը:
Արմեն Պետրոսյանը՝ Մենչը, նշեց, որ ֆիլմի գաղափարը վաղուց կար, բայց ինչ-ինչ պատճառներով չէր ստացվում իրագործել. «Եկավ, հասունացավ պահը և մենք որոշեցինք անել ֆիլմը: «Ֆուլ հաուս»-ի ավարտվելուց անցել էր 7 տարի և բոլորը իրենց գործերն ունեին, մի մասը երկրում չէին, և նախ պետք էր հավաքվել, որոշել և անել: Ու փառք Աստծո, որ մենք այդ ամենը արեցինք շատ արագ: Նախագիծը բոլորի համար եղել է սպասված, և բոլորը շատ մեծ հաճույքով և եռանդով են աշխատել»:

Ֆիլմի պրոդյուսերն է Արմեն Պետրոսյանը, սցենարի հեղինակները՝ Գրիգոր Դանիելյանը և Գարիկ Սեփխանյանը, ֆիլմը նկարահանել է Կարեն Ամյանը:
«Ֆուլ Հաուս. Վայրէջք»-ում նկարահանվել են Արմեն Պետրոսյանը, Գրիգոր Դանիելյանը, Գարիկ Սեփխանյանը, Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Աղաս Մանուկյանը, Մարջան Ավետիտյան, Մոսո Կարապետյանը, Անի Երանյանը, Գոռ Հակոբյանը, Արտյոմ Կալաջյանը և այլք:



























Լուսանկարները՝ Kamoblog-ի















