Արա Գևորգյանի «Վերածնունդ» տեսահոլովակում նկարահանվել է 1000-ից ավելի դհոլահար

Կոմպոզիտոր Արա Գեւորգյանը պատմել է իր «Վերածնունդ» տեսահոլովակի բավական բարդ նկարահանումների մասին, որոնց մասնակցել է հազարից ավելի դհոլահար։ Գրում է Bravo.am-ը:

«Գրանցվել եւ մասնակցում էին նախատեսված 1000-ից ավելի դհոլահարներ: Մասնակցում էին նաեւ «1000 վահան» հրաշալի նախագծի մեր հանրապետության սահմանամերձ բնակավայրերից ժամանած պարային բազմաթիվ համույթներ, Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի երգչախումբը՝ Ռուբեն Կարասեֆերյանի ղեկավարությամբ, զուռնայի վարպետները՝ Արշակ Սահակյանի ղեկավարությամբ, հրաշալի երգչուհի Տաթեւ Եղիազարյանը։ Հանրապետության անվանի դհոլահարներ Գագիկ Հախվերդյանը, Նորայր Շարոյանը, Էֆոն, Ալիկ Փելոշյանը, Նորայր եւ Շահեն Ավետիսյանները, Մակիչ Նազլուխանյանը, Ռազմիկ Սարգսյանը եւ շատ փայլուն դհոլահար հրաշք ուսուցիչներ»,- գրել է Գեւորգյանը: 

Երաժիշտը նշել է, որ երախտապարտ է բոլոր մասնակիցներին եւ նրանց ծնողներին մեկ առ մեկ: «Հատուկ շնորհակալություն այս բարդ նախագծի կողքին կանգնած իմ բոլոր ընկերներին ու հովանավորներին»,- գրել է Գեւորգյանն ու կիսվել նկարահանման հրապարակի կադրերով:

Տեսահոլովակի գլխավոր դերերում նկարահանվել են Անահիտ Կիրակոսյանը, Արմեն եւ Ասքանազ Բաբայանները, երաժիշտներ Վահան Նահապետյանը եւ Դավիթ Գեւորգյանը։

Ռեժիսորը Վահե Յանն է, գլխավոր օպերատորը՝ Արթուր Ղարայանը։

Դիմահարդար Աննա Մխիթարյանը եւս կիսվել է աշխատանքային ընթացքի կադրերով ու պատմել իր տպավորությունների մասին:

«Վստահ եմ՝ դեռ շատ ու շատ կխոսեն այս գեղեցիկ ու պատմական աշխատանքի մասին։ Կային թե՛ դժվարություններ, թե՛ գունեղ ու անմոռանալի պահեր։ Ամենակարեւորը՝ բոլորի ներսում կար սեր, նվիրում ու անսահման ջանք՝ լավագույն արդյունքին հասնելու համար»,- գրել է նա: