Մեծ Բրիտանիայում տղամարդը Քիմ Քարդաշյանի ներքնազգեստի միջոցով կոկшին է տեղափոխել

Մեծ Բրիտանիայի Ազգային հանցագործությունների դեմ պայքարի գործակալության (NCA) տվյալներով՝ Մեծ Բրիտանիայում բեռնատարի վարորդը դատապարտվել է ավելի քան 13 տարվա ազատազրկման՝ Քիմ Քարդաշյանի Skims ներքնազգեստի խմբաքանակի մեջ մոտ 90 կիլոգրամ կոկաին տեղափոխելու փորձի համար։

«Բեռնատարի վարորդը բանտարկվել է ավելի քան 7 միլիոն ֆունտ ստեռլինգ (9.4 միլիոն դոլար) արժողությամբ կոկաինի մաքսանենգության համար, որը թաքցված էր Քիմ Քարդաշյանի Skims ներքնազգեստ և հագուստ տեղափոխող բեռնատարում։ Լեհաստանի քաղաքացի, 40-ամյա Յակուբ Յան Կոնկելը Չելմսֆորդի թագավորական դատարանում դատապարտվել է 13 տարի վեց ամիս ժամկետով ազատազրկման», -ասվում է NCA-ի հայտարարության մեջ։

Կոնկելը ձերբակալվել է անցյալ տարվա սեպտեմբերի 5-ին Էսեքսի Հարվիչ նավահանգստում՝ Նիդեռլանդներից լաստանավով ժամանելուց հետո։ Սահմանապահները բեռնատարի ռենտգենյան հետազոտության ժամանակ հայտնաբերել են կոկաինի 90 փաթեթ, որոնցից յուրաքանչյուրը կշռում էր մեկ կիլոգրամ։ Անօրինական բեռը թաքցված էր բեռնատարի հետևի դռան ներսում գտնվող հատուկ կահավորված բաժանմունքում։

Ներքնազգեստի մատակարարը ներգրավված չէր մաքսանենգության փորձի մեջ: Կոկաինը թաքցրել էին Կոնկելի հանցակիցները Մեծ Բրիտանիա տանող ճանապարհին 16 րոպեանոց կանգառի ժամանակ: Կոնկելը խոստովանել էր հանցագործությունը՝ նշելով, որ համաձայնել է տեղափոխել կոկաինը 4500 եվրոյի (5200 դոլար) դիմաց:

Աղբյուրը`Panorama.am