Ավստրալացի հայտնի երգչուհի Քայլի Մինոուգը հայտարարել է, որ կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման ազդեցությունը նույնիսկ 20 տարի անց շարունակում է զգալ։ Երգչուհին իր կյանքի մասին պատմող նոր վավերագրական ֆիլմում խոսել է հիվանդության մասին տեղեկանալու պահի մասին՝ այն բնութագրելով որպես «շոկային փորձառություն»։ Գրում է Radar-ը:
«Փորձում ես հասկանալ մի բան, որի մասին երբեք չես մտածել։ Դա շատ խորը փորձություն էր, և մինչ այսօր տարբեր ձևերով ինձ հետ է», – ասել է նա։ Երեք մասից բաղկացած Netflix-ի վավերագրական ֆիլմում Մինոուգը պատմում է նաև կարիերայի սկզբում լրատվամիջոցների կողմից իր նկատմամբ ցուցաբերված վերաբերմունքի մասին։ Նրա խոսքով՝ երիտասարդ տարիքում տված որոշ հարցազրույցներ այսօր էլ դժվար է դիտել, քանի որ դրանք իր համար նվաստացուցիչ էին։
Երգչուհին նշել է, որ երկար ժամանակ հրաժարվում էր մասնակցել նման նախագծի, սակայն վերջում որոշել է բաց խոսել իր կյանքի դժվար փուլերի մասին։ Մինոուգը նաև հայտնել է, որ ցանկանում է ապագայում վերադառնալ դերասանական գործունեությանը՝ շարունակելով միաժամանակ զբաղվել երաժշտությամբ։














