Կաննի կինոփառատոնում տեղի է ունեցել ռեժիսոր Անտոնին Բոդրիի «Դը Գոլ» կենսագրական ֆիլմի պրեմիերան, որի գլխավոր դերում ֆրանսահայ հայտնի դերասան Սիմոն Աբգարյանն է: Գրում է Bravo.am
Նա խաղընկերներ Բենուա Մաժիմելի, Մատյո Կասովիցի, Նիլս Շնայդերի, Քարմ Լեկլունի եւ մյուսների հետ անցել է կինոփառատոնի կարմիր գորգով:
Ֆիլմի ստեղծման աշխատանքները տեւել են ավելի քան 5 տարի: Այն գեներալ Շառլ դը Գոլի տեսանկյունից անդրադառնում է Երկրորդ համաշխարհային պատերազմի վճռորոշ դրվագներին, երբ ֆրանսիացիները հրաժարվում են հանձնվել:
Գործողությունները սկսվում են 1940 թվականի հունիսին, երբ Ֆրանսիան կապիտուլացվում է, իսկ դը Գոլն այն ժամանակ քիչ հայտնի գեներալ էր, որը փախչում է Լոնդոն այն հստակ համոզմամբ, որ Ֆրանսիայի համար պայքարը դեռ չի ավարտվել: Նկարագրված են նաեւ Ուինսթոն Չերչիլի հետ բարդ հարաբերությունները, որին մարմնավորում է Սայմոն Ռասել Բիլը:
«Գոլի ճակատամարտը. Երկաթի դարաշրջանը» երկմասանոց կենսագրական ֆիլմի առաջին մասն է ու կինոթատրոններում կցուցադրվի հունիսի 3-ից։























