4 հայ և 4 արտասահմանցի կինոռեժիսորներ Հայաստանում կհամագործակցեն՝ ստեղծելով 4 կարճամետրաժ ֆիլմ, որոնք կներկայացվեն Կաննում

2027 թվականին Հայաստանը կդառնա Կաննի 80-րդ կինոփառատոնի շրջանակում իրականացվող «Քննադատների շաբաթ» (La Semaine de la Critique) ծրագրի «Հաջորդ քայլը» (Next Step Studio) նախաձեռնության պատվո երկիր՝ ստեղծելով կարևոր հնարավորություն հայկական կինոյի միջազգային ներկայացման և երիտասարդ կինոգործիչների առաջխաղացման համար։ Գրում է Tert.am-ը:

Ծրագրի շրջանակում 4 հայ և 4 արտասահմանցի կինոռեժիսորներ Հայաստանում կհամագործակցեն՝ ստեղծելով 4 կարճամետրաժ ֆիլմ, որոնք կներկայացվեն Կաննում։ Հայ մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնելու նաև իրենց ապագա լիամետրաժ նախագծերը միջազգային կինոարդյունաբերության ներկայացուցիչներին։ Սա կարևոր քայլ է Հայաստանի կինոյի միջազգային տեսանելիության, համագործակցությունների զարգացման և մշակութային դիվանագիտության ամրապնդման ուղղությամբ։ Այս մասին հայտարարվել է Կաննի կինոփառատոնում։

«Հայաստանը Կաննում ներկայացված է արժանապատվորեն․ հայ կինոյի մեծ վարպետ Արտավազդ Փելեշյանի հինգ ֆիլմերի ընդգրկումից հետո Cannes Classics ծրագրում այս նոր հայտարարությունը մեզ համար ունի խորապես խորհրդանշական, նույնիսկ պատմական նշանակություն»,- ողջույնի խոսքում նշել է ԿԳՄՍ նախարարի Դանիել Դանիելյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի համար այս տեսլականին մաս կազմելը մեծագույն պատիվ է։ «Այս հրավերը մեր երկրի համար ավելին է, քան մշակութային համագործակցությունը. այն կինոյի ոլորտում նոր էջ է բացում։ Տասնամյակներ շարունակ Հայաստանը ապրել է պատերազմների, փակ սահմանների, մեկուսացման ծանրության ներքո։ Երկար ժամանակ մենք ստիպված էինք պարզապես գոյատևել՝ չհասցնելով լիարժեք երազել։ Նույնիսկ ամենադժվար ժամանակներում մեր ժողովուրդը երբեք չի դադարել ստեղծագործել։ Մենք շարունակել ենք գրել, երգել, նկարահանել, փոխանցել արժեքներ, քանի որ մշակույթը մեզ համար երբեք շքեղություն չի եղել, այն մեզ համար կանգուն մնալու միջոց է։

Արդեն ինն ամիս է՝ մեր տարածաշրջանում վերականգնվել է խաղաղությունը, որը թեև դեռևս փխրուն է, բայց այն գոյություն ունի։ Եվ հենց այս կարևոր պահին մենք ցանկանում ենք մեր պատմությունները պատմել աշխարհին, որովհետև մենք ասելիք ունենք։ Դրանք տոկոնունության և արժանապատվության, բայց նաև սիրո, լույսի, հույսի և ապագայի հանդեպ հավատի պատմություններ են»։

Նախագիծը նախատեսվում է իրականացնել ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Հայաստանի կինոռեժիսորների և պրոդյուսերների գիլդիայի և Հայաստանի կինոյի հիմնադրամի համագործակցությամբ։