«Խաղալիքների պատմություն 5» մուլտֆիլմում կհայտնվի հայկական արմատներ ունեցող նոր կերպար

Ամերիկյան «Entertainment Weekly» պարբերականի հաղորդմամբ՝ «Pixar» ստուդիայի նոր ֆիլմում հանդիսատեսը կծանոթանա եռանդուն ու կենսուրախ ութամյա աղջնակի՝ Բլեյզ Մանուկյանի հետ։ Նա սիրում է կենդանիներին և ձիավարությունը, իսկ նրա ծագումը՝ աֆրոամերիկացի և հայ ծնողների ընտանիքից լինելը, Բլեյզին դարձնում է «Pixar»-ի առաջին կերպարը, որն ունի հայկական արմատներ։ Գրում է Alpha News-ը:

«Խաղալիքների պատմություն 5»-ի պրեմիերան նախատեսված է 2026 թվականի հունիսի 19-ին։

Բլեյզի ձայնը հնչեցրել է 14-ամյա դերասանուհի Մայքլ-Միշել Հարիսը։ Սյուժեի համաձայն՝ նա կարևոր դեր է խաղում կովբոյ Ջեսսիի պատմական գծում։

Ֆիլմի պրոդյուսեր Լինդսի Քոլինզը նշել է, որ նախնական ցուցադրությունների ընթացքում Բլեյզը անմիջապես դարձել է հանդիսատեսի սիրելի կերպարներից մեկը.

«Ջեսսիից հետո հենց Բլեյզն էր ամենասիրված կերպարը։ Ծնողներն ասում էին. «Կցանկանայի, որ իմ երեխան Բլեյզի նման ընկեր ունենար»»։