Հոլիվուդյան դերասան Ջեյսոն Մոմոան, որը հայտնի է «Ակվամեն» ֆիլմից, ձեռք է բերել ոչ թե սովորական շքեղ ավտոմեքենա, այլ 1920 թվականի դասական Bentley Blower մրցարշավային մեքենայի մասշտաբային վերարտադրությունը։ Խոսքը Blower Jnr անունով էլեկտրական տարբերակի մասին է, որը ոգեշնչված է պատմական մոդելով, սակայն ունի ժամանակակից տեխնոլոգիական լուծում․ հզոր 4.5 լիտրանոց շարժիչի փոխարեն այն աշխատում է ամբողջությամբ էլեկտրական շարժիչով։
Մեքենան առանձնանում է նաև իր չափսերով․ այն նախատեսված է երկու անձի համար՝ տանդեմային նստատեղերով, ինչը այն դարձնում է բավականին կոմպակտ։ Չնայած պաշտոնական գինը չի հրապարակվում, մասնագետների գնահատմամբ այն զգալիորեն գերազանցում է 130 հազար ֆունտ ստեռլինգը։ Մեքենայի բազային արժեքը մոտ 129,500 ֆունտ է, սակայն անհատականացված տարբերակների դեպքում այն զգալիորեն թանկանում է։
Նախքան վերջնական տարբերակի հաստատումը, Մոմոան անձամբ այցելել է արտադրամաս, փորձարկել այլ մեքենաներ և մասնակցել դիզայնի ընտրությանը, որի ընթացքում ձևավորվել է ավելի քան 100 անհատական տարր։ Չնայած իր «մանրակերտ» տեսքին, Blower Jnr-ը լիարժեք ավտոմեքենա է և հավաստագրված է Մեծ Բրիտանիայի, ԵՄ-ի, ինչպես նաև ԱՄՆ-ի հանրային ճանապարհների համար։
Մեքենան արտադրել է բրիտանական հայտնի Hedley Studios-ը (նախկինում՝ The Little Car Company)՝ Bentley-ի պաշտոնական թույլտվությամբ։ Այն օրիգինալի 85% չափսն ունի։
Մեքենայի թափքը ներկված է հատուկ դերասանի համար ստեղծված մուգ կարմիր երանգով, որը պաշտոնապես անվանվել է «Momoa Crimson»։
Լրատվամիջոցները մեծ ուշադրություն են դարձրել մեքենայի դիմացի ռադիատորի և համարանիշի վրայի «666» թվին։ Թեև այն սատանայական է թվում, իրականում Մոմոայի կողմից հարգանքի տուրք է իր պապիկին, ում մականունն էր «El Diablo» (Սատանա)։



















