Մոդել Քայլի Ջենների նախկին անձնական խոհարարը դատական հայց է ներկայացրել 28-ամյա աստղի դեմ՝ պնդելով, որ նա կորցրել է երեխային աշխատանքային ծանր պայմանների պատճառով: Հայցվորի անունը չի հրապարակվում: Page Six-ը հրապարակել է պատմությունը՝ հղում անելով դատական փաստաթղթերին։
Կնոջ խոսքով՝ նա սկսել է աշխատանքը 2024 թվականի նոյեմբերին և դեռևս դեկտեմբերին գործատուին տեղեկացրել է, որ երեք ամսական հղի է և կարիք ունի առողջական խնդիրների հետ կապված ողջամիտ հարմարությունների: Դրան հակառակ, հայցում նշվում է, որ նրան շարունակում են հանձնարարել ֆիզիկապես ծանր աշխատանքներ:
Հայցադիմումի համաձայն՝ միջոցառումներից մեկի ընթացքում խիստ հյուծվածության պատճառով խոհարարը զուգարանում արտասվել է, իսկ օրվա վերջում իրեն չափազանց թույլ և ուժասպառ է զգացել։ Հաջորդ առավոտյան նրա մոտ ուժեղ արյունահոսություն է սկսվել, ինչից հետո նա հոսպիտալացվել է։ Հիվանդանոցում բժիշկները պտղի սրտի զարկերը չեն հայտնաբերել. կնոջ մոտ վիժում էր տեղի ունեցել։ Նա նշում է, որ դրանից հետո իր մոտ զարգացել են ծանր դեպրեսիա և հուզական ծանր վիճակ։
Բացի այդ, հայցվորը պնդում է, որ Ջենների մենեջերներից մեկն իրեն ասել է, թե ինքն է պատճառ դառնում, որ մոդելը դեպրեսիայի մեջ ընկնի։ Նախկին աշխատակցուհին այժմ փոխհատուցում է պահանջում և գործատուին մեղադրում մի շարք խախտումների, այդ թվում՝ աշխատանքից անօրինական ազատման մեջ, հայտնում է news.rambler.ua-ն։
Աղբյուրը`Panorama.am















