«Ոսկե ծիրան 2026»-ի շրջանակներում փառատոնի այս տարվա հատուկ հյուր, ֆրանսահայ անվանի դերասան, ռեժիսոր և դրամատուրգ Սիմոն Աբգարյանը հայ հանդիսատեսի դատին կհանձնի «Դը Գոլի մարտը» ֆիլմը, որի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Կաննի կինոփառատոնում:
Tert.am Life-ի հետ զրույցում, Սիմոն Աբգարյանը փառատոնի բացումից առաջ նշեց, որ դժվարանում է խոսել էմոցիաների մասին, բայց ընդգծեց, որ կինոփառատոնը չափազաց կարևոր դեր ունի բոլորիս կյանքում։
«Մենք պատմելու շատ բան ունենք աշխարհին, Հայաստանը հարուստ է պատմություններով, և մենք պետք է գրավենք կինոարվեստը ոչ միայն Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերով, այլև պատմելով մեր տեսակի, առանձնահատկությունների մասին։ Պետք է բոլորը հասկանան, որ մենք մեր պատմությամբ, պայքարով ու գրականությամբ, արվեստագետներով հարուստ ժողովուրդ ենք»,- նշեց ռեժիսորը։
Խոսելով «Դը Գոլի մարտը» ֆիլմում մարմնավորած կերպարի մասին, ընդգծեց, որ իր հերոսը պայքարում էր իր երկրի համար։ «Շառլ դը Գոլն իր երկրին վերադարձրեց պատիվը»,-հավելեց Աբգարյանը։
















