Բիլի Այլիշի եղբայրը պաշտոնապես ամուսնացել է

Բիլի Այլիշի ընտանիքում տոն է․ նրա ավագ եղբայրը՝ Ֆինեաս Օ’Քոնելը, պաշտոնապես ամուսնացել է իր ընկերուհու՝ Քլաուդիա Սուլևսկիի հետ, հայտնում է Just Jared-ը։

Հարսանիքը տեղի է ունեցել օգոստոսի 29-ին Կալիֆոռնիայի Մոնտեսիտո քաղաքում՝ ընտանիքի և մտերիմ ընկերների շրջապատում։ Հարսանեկան ուիքենդի համար Քլաուդիան պատրաստել էր Oscar de la Renta-ի միանգամից չորս կերպար։ Գլխավորը մետաքսյա տաֆտայից զգեստն էր՝ ցածր գոտկատեղով, ծավալուն փեշով և պարանոցի ասիմետրիկ դետալով։ Զգեստափորձի մանրամասներով կիսվել է Vogue-ը, որտեղ հարսնացուին աջակցում էին նրա մայրը, Ֆինեասի մայրը՝ Մեգի Բերդը, և ընկերները, իսկ Բիլի Այլիշը միացել էր տեսակապով։

Երեկոյի հուզիչ պահերից մեկն այն էր, որ զույգը որոշել էր արարողությանը մասնակից դարձնել նաև իրենց շներին։ Նրանց համար հատուկ ժապավենակապեր (բանտեր) էին պատրաստել նույն կտորից, ինչ Քլաուդիայի հարսանեկան զգեստն էր։ Իսկ բուն արարողությունը վարել է հենց Բիլին։ Ի դեպ, նրա հետ միջոցառմանը ներկա է եղել նաև սիրելին՝ Նաթ Վուլֆը։