Սանկտ Պետերբուրգում Քանյե Ուեսթի առաջիկա համերգների կազմակերպմամբ զբաղվող Say Agency գործակալության տնօրեն Աննա Սուբչևան հայտարարել է, որ շոուն կայանալու է, և դրա տեղափոխումը այլ ամսաթվեր կամ այլ վայրեր չի քննարկվում։ Say Agency: Exclusive Insider Տելեգրամ-ալիքում նա մի քանի տեսանյութ է ձայնագրել։
«Համերգի չեղարկում չի լինելու։ Դուք կարող եք ստուգել արտիստի ռեսուրսները, կարող եք ստուգել մեր ռեսուրսները՝ մեզնից ոչ ոք տեղեկատվությունը չի հեռացնում։ Մենք նաև մինչ օրս հաստատում ենք, որ ծրագրում ենք անցկացնել այս միջոցառումը։ Մենք այն կանցկացնենք։ Միջոցառումը կարող է չեղարկել կամ համերգային գործակալությունը, որը կազմակերպում է միջոցառումը, կամ արտիստը։ Ոչ մի համերգասրահ չի կարող չեղարկել համերգը, որովհետև համերգասրահը տարրականորեն պայմանագիր չունի արտիստի հետ», – ընդգծել է Աննա Սուբչևան։ Նա նաև նշել է, որ տոմսերի վաճառքի մեկնարկը համաձայնեցված է եղել, և ամերիկացի ռեփերի առաջիկա համերգն անվանել է «առավելագույնս եզակի իրադարձություն», որը Ռուսաստանում տեղի է ունենում առաջին անգամ «մի քանի երկար տարիների ընթացքում»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին «Գազպրոմ Արենան», որտեղ նախատեսված են Ուեսթի համերգները, հայտարարել էր, որ ռեփերի շոուի կազմակերպիչը չէ և վարձակալության պայմանագիր չի ստորագրել, այնինչ հոկտեմբերի 10-ին և 11-ին նախատեսված շոուի տոմսերը Say Agency-ի կողմից վաճառվում էին արդեն ավելի քան մեկ շաբաթ։ Դրանից հետո գործակալությունում հայտնել էին, որ միջոցառումների նախապատրաստումն ընթանում է բնականոն հունով, և ԶԼՄ-ներին ու արտիստի երկրպագուներին խնդրել էին «չարձագանքել տեղեկատվական արտահոսքերին»։ Այս ֆոնին Պետդումայի պատգամավորներն ու ռուսաստանցի որոշ արտիստներ դեմ են արտահայտվել ամերիկացի ռեփերի ժամանմանը։
Ավելի ուշ Աննա Սուբչևան հայտարարել էր, որ առաջացած խնդիրը եղել է համերգասրահի, այլ ոչ թե կազմակերպչի կողմից, քանի որ ի սկզբանե «Գազպրոմ Արենան» գործակալության հետ համատեղ էր հրապարակել համերգի ազդագիրը։
















