Դոնալդ Թրամփը, Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ ուրախ է արքայազն Հարիի և Մեգան Մարքլի՝ Մեծ Բրիտանիա վերադարձի համար, որոնք վերջին վեց տարիներին ապրում էին ԱՄՆ-ում։
«Ես ուրախ եմ [նրանց վերադարձի համար]։ Ես նրանց երկրպագուն չեմ եղել»,- ԱՄՆ 80-ամյա նախագահի խոսքերն է մեջբերում Fox News-ը։
«Ես լավ հարաբերություններ ունեի թագուհու [Եղիսաբեթ II-ի] հետ, շատ լավ, ես նրան բավականին մոտիկից գիտեի։ Լավ հարաբերություններ ունեմ թագավոր Չարլզ III-ի հետ։ Ես նրան ճանաչել եմ և՛ որպես արքայազն Չարլզ, և՛ որպես թագավոր Չարլզ III։ Ես նրան երկար ժամանակ է, ինչ ճանաչում եմ, նա հիանալի մարդ է։ Կարծում եմ՝ նրանք (Մեգանն ու Հարին) ծայրահաստիճան անհարգալից են վարվել արքայական ընտանիքի նկատմամբ։ Ինձ դա դուր չէր գալիս։ Ինձ դուր չէր գալիս, թե ինչպես էր նա (Մեգան Մարքլը) իրեն պահում։ Կարծում եմ՝ նա սարսափելի անհարգալից էր վերաբերվում թագուհուն [Եղիսաբեթ II-ին], թագավոր Չարլզին։ <…> Արքայական ընտանիքի տեղում լինեի՝ ես նրանց հետ չէի ընդունի»,- հավելել է Թրամփը։
Անցյալ ամիս 41-ամյա արքայազն Հարին և 45-ամյա Մեգան Մարքլն իրենց երեխաների հետ վերադարձել են Անգլիա։ Նրանց՝ շատերի համար անսպասելի տեղափոխության հիմնական պատճառն են անվանում Հարիի հորը՝ թագավոր Չարլզ III-ին ավելի մոտ լինելու ցանկությունը, ով շարունակում է պայքարել քաղցկեղի դեմ։
















