Կալիֆոռնիայում անհայտ անձը փորձել է թալանել առանձնատունը, որը, նախնական տվյալներով, կարող է պատկանել հայտնի կինոռեժիսոր Քվենտին Տարանտինոյին, հայտնում է Radar-ը։
Իրավապահները փնտրում են տղամարդուն, որը ցերեկային ժամերին փորձել է թալանել Լոս Անջելեսի Հոլիվուդյան բլուրների շրջանում գտնվող տունը։ Ամբողջությամբ սև հագած տղամարդուն, որը ներթափանցել է Մալհոլանդ Դրայվից վեր գտնվող եռահարկ առանձնատան երկրորդ հարկ, նկատել է այգեպանը։
Մինչ ոստիկանության պարեկային խմբի ժամանումը հանցագործը հասցրել է փախչել։ Դեռևս հայտնի չէ՝ արդյոք նրան հաջողվել է որևէ բան գողանալ առանձնատնից։ Տեղեկություններ չկան նաև այն մասին, թե դեպքի պահին տանը որևէ մեկը եղել է, թե՝ ոչ։















