Սասեքսի դուքս, արքայազն Հարին, սեպտեմբերի 15-ին դարձել է 42 տարեկան։ Այդ առիթով նրա կինը՝ Մեգան Մարքլը, ինստագրամի իր էջում շնորհավորել է ամուսնուն՝ հրապարակելով ընտանեկան արխիվից լուսանկարների և տեսանյութերի շարք։ Գրում է Tert.am-ը:

45-ամյա Մեգանը հրապարակել է Հարիի, ինչպես նաև նրանց երեխաների՝ 7-ամյա արքայազն Արչիի և 5-ամյա արքայադուստր Լիլիբեթի մասնակցությամբ ընտանեկան կադրեր։ Լուսանկարներից մի քանիսը, ըստ ամենայնի, արվել են Անգլիայի գյուղական վայրերում։
Հարիի և Մեգանի հարաբերությունները տարիներ շարունակ եղել են հանրության ուշադրության կենտրոնում։ 2020 թվականին զույգը հրաժարվեց թագավորական ընտանիքի ավագ անդամների կարգավիճակից և տեղափոխվեց ԱՄՆ։ Դրանից հետո նրանք մի շարք հրապարակային հարցազրույցներում անդրադարձան թագավորական ընտանիքի հետ ունեցած տարաձայնություններին։

2021 թվականին Օփրա Ուինֆրիին տված հարցազրույցում Հարին և Մեգանը խոսեցին թագավորական ընտանիքում իրենց ունեցած փորձառության մասին և մի շարք պնդումներ ներկայացրին, որոնք լայն արձագանք ստացան։

2022 թվականին Netflix-ի վավերագրական նախագծում զույգը մանրամասն պատմեց թագավորական ընտանիքից հեռանալու, Մեծ Բրիտանիայում ունեցած դժվարությունների և իրենց հարաբերությունների մասին։ Իսկ Հարին իր «Spare» հուշագրքում ներկայացրեց թագավորական ընտանիքի ներսում տեղի ունեցած մի շարք իրադարձությունների իր տարբերակը։

Չնայած տարիների ընթացքում ծագած տարաձայնություններին և հանրային սկանդալներին՝ Մեգանը Հարիի ծննդյան առիթով կրկին հրապարակային կերպով կիսվել է նրանց ընտանեկան կյանքի կադրերով։
Զույգը 2020 թվականից բնակվում է Կալիֆոռնիայում, որտեղ մեծացնում է իրենց երկու երեխաներին։















