Բուքինգհեմյան պալատը կտրականապես հերքել է արքայադուստր Դիանայի եղբոր՝ Չարլզ Սփենսերի պնդումը, թե թագավոր Չարլզ III-ը Դիանայի մահից հետո ասել է, որ նրան շուտով բոլորը կմոռանան։ Գրում է Tert.am-ը:

Սփենսերն իր նոր գրքում անդրադարձել է 1997 թվականին Դիանայի մահից հետո տեղի ունեցած իրադարձություններին։ Հիշեցնենք, որ 36-ամյա Դիանան մահացել էր Փարիզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։ Գրքում Սփենսերը պատմում է, որ վիճաբանել է այն ժամանակ դեռ արքայազն Չարլզի հետ՝ Դիանայի հուղարկավորության ժամանակ արքայազն Ուիլյամի և արքայազն Հարիի մասնակցության հարցի շուրջ։
Նրա խոսքով՝ ինքը դեմ էր, որ Դիանայի որդիները, որոնք այդ ժամանակ 15 և 12 տարեկան էին, քայլեին մոր դագաղի հետևից։ Սփենսերը պնդում է, որ այդ զրույցի ընթացքում Չարլզն իրեն ասել է. «Հանգիստ եղեք, մենք նրան բավականին շուտ կմոռանանք»։ Դիանայի եղբայրը նաև մեղադրում է ներկայիս թագավորին իր նախկին կնոջ հանդեպ արհամարհանք ցուցաբերելու համար:

Բուքինգհեմյան պալատը, որը սովորաբար չի մեկնաբանում գրքերում ներկայացված պնդումները, այս անգամ հանդես է եկել հայտարարությամբ։ «Թեև մենք սկզբունքորեն չենք մեկնաբանում գրքերը, Նորին Մեծությունը գիտակցում է, որ եղբայրական վշտի ցավը կարող է նպաստել բանականության կորստին, ազդել դատողությունների վրա և տարիներ անց հիշողությունները ներկայացնել այլ կերպ, քան դրանք ընկալում են մյուսները»,– ասվում է պալատի հայտարարության մեջ։ Դիանայի մահից հետո նրա ընտանիքի և թագավորական պալատի միջև հարաբերությունները լարված են եղել։ Դիանայի մահվան կապակցությամբ թագավորական ընտանիքի արձագանքը տարիներ շարունակ քննարկումների առարկա է եղել: Նրա որդիները՝ արքայազն Ուիլյամն ու արքայազն Հարին, հետագայում ևս հաճախ են խոսել մոր և նրա մահվան հետ կապված հիշողությունների մասին։















