Երգիչ Թաթա Սիմոնյանն Ինստագրամի իր էջում անդրադարձել է 44-օրյա պատերազմի տարելիցի օրը՝ սեպտեմբերի 27-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում իր համերգի ցուցադրմանը՝ տեղի ունեցածն անվանելով անթույլատրելի և արդարացում չունեցող կոպիտ սխալ:
Արձագանքելով քննադատություններին՝ երգիչը ներողություն է խնդրել հանրությունից և պարզաբանել, որ տեսանյութը ցուցադրվել է առանց իր համաձայնության․
«Հասկանում եմ ու միանգամայն համաձայն եմ։ Սեպտեմբերի 27-ին անթույլատրելի էր ուղղակի եթերում ցուցադրել այդ համերգը։ Ես ներողություն եմ խնդրում կատարվածի համար, բայց կարևոր եմ համարում տեղեկացնել, որ համերգը հանդիսանում է Հանրային հեռուստաընկերության սեփականությունը։ Նյութը օգտագործվել է առանց ինձ հետ համաձայնեցնելու։ Այս օրով իմ համերգի ցուցադրումը Հանրային հեռուստաընկերության կողմից համարում եմ արդարացում չունեցող կոպիտ սխալ։ Փառք մեր նահատակներին։ Խոնարհվում եմ նրանց հիշատակի առջև»,- գրել է նա։















